Փաշինյանի զինակիցը վստահ չէ, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Բաքուն չի որոշի հարձակվել Հայաստանի վրա

Մանրամասներ
արթուր հովհաննիսյան

Կառավարող «Քաղպայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահ չէ, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Բաքուն չի որոշի փորձել հարձակվել Հայաստանի վրա։

«Կմտածեի՞ք արդյոք, որ Ռուսաստանը, Ուկրաինայի անվտանգության երաշխավորը լինելով, կհարձակվի նրա վրա»,- ասել է Հովհաննիսյանը՝ դիմելով լրագրողներին Ազգային ժողովում հոկտեմբերի 3-ի ավանդական ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ լրագրողները տալիս են հարցեր, որոնց պատասխանները պարզապես չկան։ «Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, եւ թե ինչ կլինի վաղը՝ ոչ ոք չգիտի։ Մենք ամեն բան անում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ապրեն խաղաղ իրենց տարածաշրջանում։ Մենք չենք կարող զբաղվել կանխատեսումներով, թե ինչ կլինի, իսկ ինչ՝ ոչ։ Մենք զբաղվում ենք իրական քաղաքականությամբ եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի որեւէ թեժացման վտանգ չառաջանա»,- նշել է պատգամավորը։