ԱՄՆ-ն 12 ռազմանավ է կենտրոնացրել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. The Washington Post

Մանրամասներ
նավ

ԱՄՆ ռազմածովային ուժերը 12 ռազմանավ են կենտրոնացրել Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Պարսից ծոցում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյեի և լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի սրման պայմաններում: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրին։

USS Theodore Roosevelt միջուկային ավիակիրը՝ վեց ուղեկցող նավերով, գտնվում է Պարսից ծոցի հարավում`Իրանի ափերի մոտ։ Նավերն այնտեղ են վերաուղղորդվել Կարմիր ծովից, որտեղ նրանք դիմակայում էին առևտրային նավերի ուղղությամբ հութիների հասցրած հարվածներին:

Իսկ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ Իսրայելի մերձակայքում, գործում է ԱՄՆ ռազմածովային ուժերի Wasp երկկենցաղ դեսանտային խումբը՝ բաղկացած երեք նավից։ Նավերի վրա են գտնվում ավելի քան 4000 ծովայիններ և նավաստիներ։

Բացի այդ, Միջերկրական ծովի արևելքում օպերատիվ առաջադրանքներ են կատարում ամերիկյան երկու հրթիռային էսկադրային ականակիրներ։