«Քանի դեռ չէր սկսվել նոր Երևանի կառուցումը, քաղաքը թողնում էր քայքայված փլատակի տպավորություն: Մի տեսակ տխրություն էր իջել նրա վրա: Բայց երբ աշխույժ ռիթմով մուրճերը զարկեցին, երբ միտքը և ջլապինդ բազուկները գործի անցան, ամեն ինչ փոխվեց: Երևանը հետզհետե պայծառացավ: Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ:
Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատ ի դեմս Թամանյանի»,- հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի խոսքերն են հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մասին:
Սակայն այսօր թամանյանական ժառանգությունն աստճանաբար վերանում է։ Անթիվ բողոքի ակցիաները, մասնագետների կողմի հնչեցված դժգոհություններն անարդյունք են, թամանյանական շրջանի լավագույն շենքերը քանդվել են ու քանդվում են։
Այսօր ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Նա հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը:
Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։
1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծելով և տարբեր քաղաքներում կառուցելով բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։
Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական գործունեությունը բաղկացած է երեք շրջաններից՝ ռուսաստանյան (1904-1918), հայաստանյան (1919-1921, 1923-1936), պարսկական (թավրիզյան, 1921-1923)։
1919 թվականին Ալեքսանդր Թամանյանը ժամանել է Հայաստան։ Սակայն Թամանյանի գործունեությունն Առաջին հանրապետության օրոք եղել է կարճատև։ Այդ ժամանակահատվածում նա մշակել է ՀՀ զինանշանը, հիմնել և ղեկավարել է Հնությունների պահպանության կոմիտեն և սկսել է աշխատել Երևանի վերակառուցման և զարգացման գլխավոր հատակագծի վրա։ 1921 թվականի ապրիլի 21-ին մեկնել է Պարսկաստան, սակայն 1923 թվականի մարտին Խորհրդային Հայաստանի կառավարության պատվերով Թամանյանը վերադարձել է Երևան և մինչև կյանքի ավարտն ապրել և ստեղծագործել է Հայաստանում:
1920-ական թվականներին Թամանյանը զբաղվել է էներգետիկայի և ոռոգման հարցերով` նախագծելով և կառուցելով ջրանցքներ, ջրհան և հիդրոէլեկտրակայաններ: Թամանյանի անդրանիկ կառույցը Հայաստանում եղել է Երևանի հիդրոէլեկտրակայանը (1925 թվական): Այս կառույցի համար, ինչպես նաև հանրապետության էներգետիկայի զարգացման համար 1926 թվականին Թամանյանին շնորվել է ՀԽՍՀ Ժողովրդական ճարտարապետ կոչում:
1924 թվականի ապրիլի 3-ին կառավարությունը հաստատել է Թամանյանի ներկայացրած Երևանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագիծը: Նախագծի համաձայն՝ Երևանը քաղաք-այգի էր 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով և բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական և այլն: Քաղաքն ուներ երկու կենտրոնական հրապարակ` Թատերական՝ (հետագայում Պետթատրոնի հետ միասին) որպես մշակութային կենտրոն, և Լենինի անվան հրապարակ՝ Կառավարական տան հետ միասին՝ որպես վարչական կենտրոն: Հյուսիսային պողոտան միացնում էր քաղաքի կարևորագույն այս կենտրոնական երկու հատվածները և տեսարանն ավարտվում էր Արարատի շքեղ հեռանկարով:
Թամանյանի նախագծած խոշորագույն կառույցներն են` Կառավարական տունը և Ժողտունը՝ Օպերայի և բալետի պետական թատրոնը: Այս նախագծերը Թամանյանը մշտապես կատարելագործել է մինչ կյանքի վերջ: 1926-1929 թվականներին կառուցվել է միայն Կառավարական տան մի մասը՝ Նալբանդյան փողոցին հարող Հողժողկոմի շենքը։
Ուսումնասիրելով Տեկորի, Զվարթնոցի, Անիի և այլ պատմական հուշարձաններ ու ժողովրդական ճարտարապետության նմուշներ` Ալեքսանդր Թամանյանը գտավ դրանց օգտագործման մեթոդը ժամանակակից պայմաններում: Նա երբեք չկրկնեց հինը, բայց և չմերժեց այն` պատմական կամուրջ գցելով հայ ժոդովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև: Օգտվելով Տեկորի և Զվարթնոցի ճարտարապետական ծավալատարածական կոմպոզիցիոն լուծումներից և ձևակազմության օրինաչափություններից, հեռու մնալով մեխանիկական ընդօրինակումից` նա ստեղծեց կառավարական տան և Օպերային թատրոնի ճարտարապետական սյունակարգերը, դրանց հատակագծային և ծավալային ուրույն կոմպոզիցիաները։
Ալեքսանդր Թամանյանը չկարողացավ տեսնել այս երկու գլուխգործոց կառույցներն ավարտուն վիճակում: Ալեքսանդր Թամանյանի մահից հետո (փետրվարի 20, 1936 թ.) այս կառույցները կյանքի կոչվեցին նրա որդու՝ Գևորգ Թամանյանի ճարտարապետական վերահսկողությամբ: Ժողտան և Կառավարական տան նախագծերը ամենաբարձր գնահատականի են արժանացել 1937 թվականի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ Ժողտան նախագիծն արժանացել է մեծ ոսկե մեդալի (Grand prix), իսկ Կառավարական տունը՝ 1942 թվականին արժանացել է Ստալինյան մրցանակի
Թամանյանը աշխատել է ինչպես մայրաքաղաքի տասնյակից ավելի ճարտարապետական կառույցների` հիվադանոցների, գրադարանների, ինստիտուտների, թատրոնների, վարչական շենքերի, այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների քաղաքաշինական նախագծերի վրա։
Երևանի գլխավոր հատակագիծ, 1932 թվական
0Comments