Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսեւորումներից մեկն է, որի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակմանը։
Նա համոված է՝ երկրում ստեղծվել է «անպատասխանատվության, անպատժելիության մթնոլորտ, որը երկար ամիսների պատմություն ունի գործող իշխանությունների պատասխանատվության ներքո»։
«Այս դեպքը տեղի չէր ունենա, եթե երկրում հաստատվեր հանդուրժողականության կամ ինչպես գործող իշխանություններն են ասում՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Մարալիկում տեղի ունեցած միջադեպը ոստիկանությունը չկոծկեր։ Այդ ամենը տեղի չէր ունենա, եթե ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ ներխուժելու փաստը դառնար իրավապահ մարմինների ուշադրության առարկա։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե կառավարությունը չհրահրեր ԵՊՀ–ի շուրջ այն գործընթացները, որոնց ականատեսը մենք պարբերաբար լինում ենք»,–հավելեց Արմեն Աշոտյանը։
0Comments