Վանեցյանը պայթեցնում է հեղափոխությունը

Պարզվում է՝ նոր իշխանիկները դեռ մեկ տարին չբոլորած տալիս-անցնում են նախկիններին

 

ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին, մեկը վերահսկողական, մյուսը գնումների բաժնի։ Այդյան եղբայրները, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մտերիմներն են, նրանց նշանակել է Սանասարյանը՝ ամռանը։ Իրավապահ մարմինները դեռ լռում են ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալության մասին, կառույցում էլ չեն մեկնաբանում, մինչդեռ աղբյուրները պնդում են, որ ձերբակալություններն, իսկապես, եղել են, դրանք կապված են տենդերների հետ, որոնցից մեկի մասին մամուլում վերջին օրերին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Խոսքը «Գրիգոր Լուսավորիչ» եւ Վանաձորի ԲԿ-ներում դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված: Այդյան եղբայրները, ըստ տեղեկությունների, միջամտել են, որպեսզի փոխվի խաղի կանոնները եւ իրենց հովանավորյալի «Զորաշեն» ընկերությունը հաղթի ու դուրս մղվի մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ» գերմանական ընկերությունը։

Իհարկե, առաջիկայում հուսով ենք մանրամասներ կհաղորդեն այս ձերբակալության վերաբերյալ։ Բայց փաստն ինքնին ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի հատկապես վերջին օրերի հայտարարությունների ֆոնին, թե հակահեղափոխությունը դեռ օդում կախված է, իսկ նրա կուսակիցներն էլ բացում են փակագծերը, թե հակահեղափոխականները միջին օղակներում են, որոնք հաստատվել են նախկին իշխանությունների ժամանակ։

Եւ ահա, ԱԱԾ-ն ի դեմս Արթուր Վանեցյանի պայթեցնում է իշխանության հակակոռուպցիոն փուչիկը ու այլեւս որեւէ մեկը չի կարող թմբկահարել, թե Հայաստանում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան, թե վերին օղակներում այլեւս կոռուպցիա չկա, գուցե ստորին օղակներում, որտեղ դեռ ՀՀԿ-ից մնացած «ժառանգությունում» հին ավանդույթները շարունակվում են, բայց հեղափոխական պաշտոնյաները մաքրամաքուր են, սուրբ ու թիկունքներին էլ հրեշտակի թեւերով։

Բայց ինչ է պարզվո՞ւմ, պարզվում է՝ նոր իշխանիկները դեռ մեկ տարին չբոլորած տալիս-անցնում են նախկիններին։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի ու հերոսանա, թե տեսաք, որ չեմ խնայելու անգամ յուրայիններին, բայց դա չի փոխելու խնդրի էությունը։ Մենք տեսել ենք, որ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ բազմաթիվ այսպես կոչված «մանր ձկներ» էին բռնում, հետո էլ Սարգսյանը պարծենում էր այդ առիթներով, խնդիրն այն է, որ եթե, ինչպես Փաշինյանն է մեզ փորձում վստահեցնել, համակարգային կոռուպցիան արմատախիլ արված լիներ, եթե որեւէ պաշտոնյա վստահ լիներ, որ իրեն չի ներվելու դա, հաստատ ռիսկ չէր անի գնալ այդ քայլին։ Այնպես որ թող ոչ ոք մեզ հեքիաթ չպատմի այս մասին։

Ի դեպ, արդեն տեղեկություններ կան, որ Դավիթ Սանասարյանի օրերն էլ են հաշված, որ առաջիկայում նա հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Ի դեպ, վերջին շրջանում լրատվամիջոցները գրում են, որ Վանեցյան-Սանասարյան հարաբերություններն առանձնապես աչքի չեն ընկնում ջերմությամբ:

Անի Սահակյան