Կառավարությունը պատրաստվում է բացահայտել հանքերի իրական տերերին

Տիգրան Ավինյանը նշեց, որ մեխանիզմներն այնպես են ներդրված, որ ընդերք օգտագործողները, լիցենզիա ունեցողները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին

Կառավարության այսօրվա  նիստում հավանության արժանացավ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հայաստանը 2017 թ-ի մարտից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր, որին անդամակցելով Հայաստանը ստանձնել է որոշ պարտավորություններ: Դրանցիցի մեկը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանը:

Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաև կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք այս փաթեթն ընդունելու դեպքում հնարավոր  կլինի իմանալ, թե ովքեր են հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերը: Գ. Բաղրամյանը դրական պատասխան տվեց:

Վարչապետը հայտնեց, որ մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն իրեն  մի ուսումնասիրություն է ուղարկել, որում նշված էր՝  Հայաստանի հանքերի մեծ մասում, որպես սեփականատեր, գրանցված են օֆշորային ընկերություններ, իսկ այդ ընկերությունները ուրիշ օֆշորային ընկերություններում և այդպես շարունակ:

«Ես այդ գրությունը հասցեագրել եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը և հորդորեց այդ գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։

Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունից այն տպավորությունն է ստացել, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մեխանիզմներն այնպես են ներդրված, որ ընդերք օգտագործողները, լիցենզիա ունեցողները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, իսկ եթե պարզվի, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, հնարավորություն կունենան կասեցնելու հանքի շահագործման  լիցենզիան:

Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ենթադրեն, որ լիցենզիա ունեցող ՍՊԸ-ն բացահայտում է, որ իր սեփականատերը  օվշորային գոտում գրանցված ընկերություն է, և արդյոք մինչև վերջին ֆիզիկական անձին, որը «օֆշորի-օֆշորի-օֆշոր» է ստեղծել, կբացահայտե՞ն,  Տիգրան Ավինյանը դրական պատասխան տվեց:


 

Աղբյուր` Panorama.am