Շինծու «հեղափոխությամբ» հղփացած՝ «Դեմոյան Հայկը ո՞վ է, որ ես իրեն հետ հանդիպեի» այս հարցի հեղինակին դատարանում սպառիչ պատասխան կտրվի․ Հայկ Դեմոյան

Մանրամասներ
հայկ դեմոյան արայիկ հարությունյան

ԱՌ Ի ՀԻՇԵՑՈՒՄ

Ոչ վաղ անցյալից հիշեցնեմ, որ հինգ տարի առաջ, երբ վերադարձել էի Հարվարդի համալսարանից, մեկ ամիս շարունակ փորձում էի հանդիպել Կրթության ու գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի քննարկեինք զբաղցրած իմ պաշտոնից օրենքի սահմաններում ազատվելու հարցը, քանի որ գործուղման ընթացքում փոխել էին թանգարանի կարգավիճակը և դա կարող էր տույժ ու տուգանքի, նաև դատական քաշքշուքների պատճառ հանդիսանալ։ Ըստ որում, գործուղումից մեկ ամիս շուտ էի վերադարձել՝ ընդունման ու հանձման գործընթացին ներկա լինելու համար։

Մեկ ամիս ապարդյուն սպասելուց հետո, հիշում եք, թե ինչ արեցին․ մի քանի օրով բացակայեցի Երևանից ու նախարարն ու տեղակալը ցինիկաբար մտան թանգարան ու հայտարարեցին, թե ես այստեղ իրավունքներ չունեմ, հետո էլ ամեն ինչ թողեցին այնպես, որ վերջը գործը հասնի դատարան։ Ու հասավ։

Նոյեմբերի 20-ին ԿԳՄՍ-ի դեմ առաջին դատական նիստն է։ Լրագրողները երևի լավ հիշում են, թե ճեպազրույցներից մեկի ժամանակ Արայիկ Հարությունյանը հետևյալ հայտարարությունը արեց․ "Դեմոյան Հայկը ո՞վ է, որ ես իրեն հետ հանդիպեի"։ Հինգ տարի անց դատարանի դահլիճում սպառիչ պատասխան կտրվի շինծու "հեղափոխությամբ" հղփացած այս հարցի հեղինակին՝ ամենայն մանրամասնություններով։ Առաջին հերթին փաստերով ապացուցելու եմ բազմաթիվ անօրինականությունների ու նաև քրեորեն հետապնդելի դրվագներ՝ որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ Հարություն Մարությանի միջոցով թավշուկների ու նրանց աջակիցների ծավալած գործունեությանը։

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին հորդորում եմ առանց հապաղելու հարցը տեղափոխել իրավական դաշտ ու վստահ եմ, որ հաղթելու է։ Հանրությունը պետք է ուշի ուշով հետևի այս զարգացումներին ու թույլ չտա, որ ԿԳՄՍ-ում նստած կաշառակեր օրգանիզմները հասնեն իրենց քստմնելի նպատակներին։

Սրանց լկտի գործելաոճն արդեն ոչ մի սահման չի ճանաչում։ Իրենց համար "օրենք", "կանոնադրություն" ու "կարգ" կոչվածները դարձել են հարաբերական հասկացություններ։

Հայկ Դեմոյան