ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանում նախազգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի` մարտի 21-ին, իրեն կարող են ձերբակալել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը երեքշաբթի կձերբակալվի։ Դո՛ւրս եկեք բողոքի, վերադարձրե՛ք մեր երկիրը», - գրել է քաղաքական գործիչը։
Ինչպես նախօրեին հաղորդել էր NBC-ն, հաջորդ շաբաթ Թրամփին կարող է մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա, իբրև, մի քանի տարի առաջ վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին իրենց սիրավեպի մասին լռելու համար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժայիններն արդեն նախապատրաստվում են Նյու Յորքի կենտրոնում հնարավոր անկարգություններին։
Թրամփը, սակայն, հերքում է ինչպես Դենիելսի հետ կապը, այնպես էլ իրեն վերագրվող անօրինական գործողությունները։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ երդվյալ ատենակալներին։
Սթորմի Դենիելս կեղծանունով հայտնի Ստեֆանի Քլիֆորդը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2018 թվականին, այն բանից հետո, ինչ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածության առաջադրումից առաջ վերջինիս փաստաբան Մայքլ Քոհենը դերասանուհուն 130 հազար դոլար է վճարել ապագա նախագահի հետ իրենց կապը չհանրայնացնելու համար։ Սպիտակ տունը, սակայն, այս տեղեկությունը հերքել է։
Ավելի ուշ դերասանուհին լրատվամիջոցներին հայտնել է, որ անհայտ տղամարդը սպառնացել է իրեն ու իր երեխային սիրավեպի մասին տեղեկության բացահայտման պատճառով, ինչին ի պատասխան Թրամփը Դենիելսին մեղադրել էր ստելու համար։
0Comments