Ռոնալդուն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Մանրամասներ

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետից շուտ կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան «Օլդ Թրաորդ»-ում անցկացրած երկու հատվածների ընթացքում ունեցած ներդրման համար, որոնց ընթացքում  նա 346 խաղում դարձել է 145 գոլի հեղինակ։ Նրան և նրա ընտանիքին լավագույնն ենք մաղթում ապագայում»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում բոլորը շարունակում են կենտրոնացած մնալ ակումբի առաջընթացի վրա՝ Էրիկ Տեն Հագի գլխավորությամբ։

Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռոնալդուն։ «»Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ բանակցությունների արդյունքում մենք փոխադարձ համաձայնությամբ խզում ենք պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սիրում եմ երկրպագուներին, որոնք երբեք չեն փոխվի։ Սակայն, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որ ես նոր մարտահրավեր փնտրեմ ինձ համար։ Թիմին ամենայն հաջողություն եմ մաղթում մրցաշրջանի մնացած հատվածում և ապագայում»,- Ռոնալդուի հայտարարությունը մեջբերել է BBC-n: