Թրամփը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Վենեսուելա

Պատճառը երկրում սպասվելիք ցույցերն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Վենեսուելա մեկնելուց՝ երկրում սպասվող ցույցերի պատճառով:

«Մադուրոն ցանկանում է բանակցել ընդդիմության հետ: Գուաիդոյին հետապնդում է Վենեսուելայի Գերագույն դատարանը: Այսօր զանգվածային ցույցեր են սպասվում: Ամերիկացիները լավ կանեն՝ չմեկնեն Վենեսուելա և սպասեն հետագա զարգացումներին», - թվիթերյան էջում գրել է Թրամփը:

Ավելի վաղ Վենեսուելա չմեկնելու կոչով ԱՄՆ քաղաքացիներին դիմել էր Պետքարտուղարությունը:

Հիշեցնենք, որ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, որից հետո նրան աջակցություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ն:

Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել է Գուաիդոյին հեռանալ երկրից նրա նկատմամբ սկսված հետաքննության անցկացման ընթացքում: