«Կոմերսանտ»-ն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին՝ նշելով, որ «Հայաստանը տնտեսական հեղափոխության է պատրաստվում և Փաշինյանն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ տարածքում էներգակիրների սակագները: Հայաստանի վարչապետի այցը կարծես Դավոսից հետդարձի ճանապարհին մի փոքրիկ կանգառ էր թվում: Պաշտոնապես Ռուսաստան նրա այցի նպատակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթն էր: Հունվարի 1-ից Երևանը ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը և, օգտվելով նման հարմար առիթից, մտադիր է առաջ տանել իրեն ձեռնտու մի շարք նախաձեռնություններ: Դրանք երեկ Փաշինյանը թվել է ելույթում: Հոդվածագիրը նշում է, որ էներգառեսուրսների, մասնավորապես գազի գնի հարցը չափազանց հիվանդագին թեմա է Երևանի համար. գազի գնի որոշակի բարձրացում է լինելու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար սակագնի փոփոխություն տեղի չի ունենալու: Երեկ Փաշինյանն ընդգծել էր, որ կարևոր է այս հարցին երկարաժամկետ լուծում տալը: Հայաստանի վարչապետը հանդիպել է ռուս գործընկեր Մեդվեդևին, սակայն Պուտինի հետ հանդիպում տեղի չի ունեցել, ինչպես նշվել էր՝ «նման հանդիպում պլանավորված չէր»: «Պարոն Փաշինյանի երեկվա այցի օրակարգը՝ ավելի շատ տնտեսություն, պակաս քաղաքականություն, ընդհանուր առմամբ համապատասխանում է իր նախընտրական խոստումներին»,- գրել է հոդվածագիրը:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է դավոսյան հայտնի հանդիպմանը՝ նշելով.
«Ամիսներ շարունակ բարձրաձայնել եմ Փաշինյանի կառավարության բացթողումների մասին։ Ժամանակն անցնում է, բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման։ «Հպարտ քայլող» իշխանության խոստումները չիրականացան նաև արտաքին քաղաքական ոլորտում. սահմանին գազը թանկացավ, ՀԱՊԿ ում գործերը լավ չեն, Եվրամիության հետ համաձայնագրի վավերացման գործընթացն առաջ չի շարժվում, իսկ Արցախի հարցի հետ կապված վարչապետն ու նրա կառավարությունն անհասկանալի, ափալ-թափալ հանդիպումների մեջ են: Երեկ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանին առաջիկայում դժվար թե պաշտոնական այցով հրավիրեն դաշնակից Ռուսաստան։ Դա տեսանելի էր նույնիսկ նրա շփոթված պատասխանից։ Փաստորեն, այստեղ էլ «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։ Մտահոգիչ է»,-եզրակացրել է ՀՀԿ խոսնակը։
Պարգևատրումների թեման շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Պետական բյուջեից գերատեսչությունների՝ հատկապես բարձրաստիճան ղեկավարությանն աստղաբաշխական թվերով պարգևատրելու փաստը հասարակության լայն շերտերի օբյեկտիվ դժգոհությունն է առաջացրել։ Ինչպես հրապարակվել է, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տասնյակ աշխատակիցների պարգևատրելու համար քաղաքային բյուջեից մոտ երկու միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել: Պետական կառույցներում պարգևատրումները, որպես կանոն, համարվում են նորմալ պրակտիկա, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ 168.am-ի տեղեկություններով՝ ֆինանսների նախարարությունը ևս որոշել է չզիջել գործընկերներին: Դեկտեմբերին պարգևատրումները հետևյալ կերպ են բաշխվել. առավելագույն պարգևատրումը կազմել է 7 մլն, նվազագույնը՝ 2 մլն դրամ: Նկատենք, որ պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել պետական որևէ գերատեսչությունում, այդ թվում՝ ֆինանսների նախարարությունում:
Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի աշխատասենյակի համար չի գնվել ոչ նոր կահույք, ոչ էլ տեխնիկա: Փոխնախագահը նախընտրում է անհրաժեշտության դեպքում պարզապես վերանորոգել եղածները։ Նազարյանն այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ դրան կցելով մի ծաղրանկար:
«Ես տարակուսում եմ՝ ինչ ճոխությունների մասին է խոսքը: Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք: Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, ապա ինձ համար նախընտրելի է, որ դրանք վերանորոգվեն, ոչ թե գնվեն նորերը: Հասկանալի է, որ ես ունեմ ներկայացուցչական կարգավիճակ, և իմ սենյակ են այցելելու նաև Հայաստանի հյուրերը, և ուզում եմ, որ ԱԺ-ն հնարավորինս ներկայանալի լինի: Բայց ամեն ինչ լինելու է շատ պարզ, առանց որևէ ճոխությունների, ես դրան դեմ եմ»,-նշել է Նազարյանն ու շեշտել, որ այդ հարցերն իր համար ընդհանրապես կարևոր չեն: Նազարյանը նաև ներկայացրել է այն բազմոցը, որը պետք է նոր պաստառով պատեն, քանի որ, ինչպես ինքն է նշել, երկար ժամանակ պահեստում է պահված եղել ու վրայի փոշին չի անցնում: «Ես պատրաստ եմ ձեզ պատմել իմ աշխատանքի հետ կապված ամեն ինչ, բայց արդյոք իմաստ ունե՞ր, որ մամուլն այսքան ժամանակ ձեր ուշադրությունն ու ժամանակը զբաղեցներ սրանով»,-եզրափակել է ԱԺ փոխնախագահը:
«Փաստ»-ի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է իշխանության գործունեությունը՝ գրելով. «Ներվերս չի հերիքում, պետք ա արձագանքեմ… Էն որ ցուցակներ եք հրապարակում ու փնթփնթում՝ թե բա չե՞ք տեսնում՝ երկրում ինչեր ա փոխվել ու, ասենք, նշում եք, որ Մարալիկում ջրամբար ա նորոգվել, խմելու ջրի հարցը լուծվել ա. դա փոփոխություն չէ՝ կառավարության ամենօրյա պարտականությունն է… Բոլոր իշխանությունների օրոք ինչ որ բան երկրում մեկ վատանում է, մեկ լավանում, գներ են էժանանում, երբեմն՝ թանկանում, փողոցներ են նորոգվում, համակարգեր են լավանում կամ վատանում, բայց դրանք որպես երկրում փոփոխությունների ալիք ներկայացնելը պարզագույն մտավարժանք է…: Իշխանության փոփոխությունից հետո, որպես իրավիճակի փոփոխության լակմուսի թուղթ դիտարկվում են ռեֆորմներն ու համակարգային բարեփոխումները, ամբողջական ենթակառուցվածքների բարելավումները, ոչ թե մսուրի տանիքի վերանորոգումը…: Դա նույն բանն է, որ բեռնատարից քամու թռցրած ցորենի հատիկն ընկնի հողի մեջ, սկսի թեթև ծիլեր տալ ու ֆեյսբուքյան իր էջում գրի՝ թե բա կույր պետք է լինել աճը չնկատելու համար…: Ռեֆորմներ արեք, ռեֆորմներ, հասկանում ե՞ք գոնե, որ էդ հընթացս կառավարումը, պլյուս մինուս մի երկու տուշոնկա, Սերժենք էլ էին անում, էս երկիրը շուրուփ առ շուրուփ դզելու ենթակա ա, հսկայական ժանգոտած մեքենա ա, դետալ առ դետալ պետք ա բարեփոխել…
Նստել թիթեռ ենք նկարում՝ թե բա էս ինչը էժանացավ, էսքան աշխատավարձ բարձրացավ, պադավատ, պրեմիա – մրեմիա… Դրանք սուտ բաներ են, ամենօրյա բաներ են, հրապարակ բերեք ռեֆորմների փաթեթներ, իրար գզենք, հոշոտենք, փոխվի էս երկիրը…
Թե չէ մի տարի ա երկրում իշխանություն ա փոխվել՝ ոչ մի ռեֆորմ չկա, միակ ստաբիլացած բանը Սաշիկի կարմիր մայկեն ա…
Հանրային դիսկուրսը տեղափոխեք ռեֆորմների դաշտ՝ ցավոտ, դաժան, անասելիորեն ցավոտ ռեֆորմների… Կհայհոյեն, կգզեն, բայց երկիրը երկիր կդառնա…: Ինձ էլ ինչ տաք՝ տաք…»:
Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացրել է, որ գերեզմանների տարածքները տրվում են անվճար: Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամում անդրադարձել է թեմային՝ գրելով. «Ասում եք անվճա՞ր, էս ինչ լավ լուր ա, բա ասեք՝ թափով մեռնենք, քանի անվճար է»:
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջել են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ կենդանիների խնամքի հետ կապված խնդիրներ կան, մինչդեռ շատ հարցերում մասնագետների կարծիքը չեն ցանկանում լսել:
0Comments