Մետրոպոլիտեն թանգարանում ավարտված «Հայաստան» ցուցահանդեսի նմուշները վերադարձնելու առիթով Նյու Յորքում գտնվող Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթեւոսյանը եւ գիտաշխատող Արսեն Հարությունյանը հունվարի 19-ին հանդիպել են Նյու Ջերսիի բնակիչ Էլեն Ֆելտենին, որն իր հայազգի հորը եւ պապին պատկանած 17-րդ դարի մի ձեռագիր նվիրել է Մատենադարանին։ Այս մասին նշված է Մատենադրանի ֆեյսբուքյան էջում:
Մինչ այդ հանդիպումը, Էլեն Ֆելտենը ձեռագրի վերաբերյալ տվյալներ իմանալու նպատակով դիմել էր Նյու Ջերսիի Ս. Ղեւոնդյանց եկեղեցի: Շուտով նա տեղեկացվել է, որ ձեռագիրը պատկանում է «Գուշակողականք» կոչվող ժողովածուների շարքին (Ռամգիրք), որի այլ օրինակներ կան Մատենադարանի հավաքածուում։
Հանդիպման ժամանակ գտնվել է ձեռագրի հիշատակարանը, որտեղ նշված է գրչության 1665 թվականը եւ Սաֆար գրիչի անունը։ Ձեռագրի տիրոջն ասվել է, որ այն քայքայված վիճակում է եւ անհապաղ վերականգնման կարիք ունի, որը կարելի է անել Մատենադարանում։ Զրույցի ընթացքում Էլեն Ֆելտենը հասկացել է, որ վայրն ամենահարմար է ձեռագրի պահպանման համար և որոշել իր տոհմին պատկանած այդ մատյանը նվիրել Մատենադարանին։ Նույն բանը նա հաստատել է նվիրագրով:
Հունվարի 23-ին Նյու Յորքի ցուցահանդեսին մասնակցած Մատենադարանի առաջին խմբի 11 ձեռագրերի հետ Հայաստան է եկել նաեւ Էլեն Ֆելտենի նվիրած «հայրենադարձ» մատյանը, որը հանձնվելու է վերականգնման, որից հետո էլ տրվելու է ուսումնասիրողներին։
0Comments