ՀՅԴ-ն Հրանտ Մարգարյանի կամքին դե՞մ կգնա

ՀՅԴ կանոնակարգը նման բան թույլ է տալիս

Արցախում մեկնարկած ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է. «Իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։

Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը։ Իմ որոշումը ոչ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ոչ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ոչ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վերջ»։

Սա կարելի է համարել Ընդհանուր ժողովի ինտրիգային մասի ավարտը, քանի որ Ժողովի ամենակարեւոր մասը առաջիկա 4 տարիների համար ղեկավար կազմ ընտրելն էր։ Իսկ Հրանտ Մարգարյանը 19 տարի՝ 2000 թվականից եղել է ՀՅԴ դե ֆակտո ղեկավարը եւ խոսք էր գնում, որ շարունակելու է ղեկավարել, այս անգամ, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի «ինադու»՝ որ կուսակցությունը ցուցադրի իր ուժն ու ինքնուրույնությունը։

Սակայն ՀՅԴ անդամներից տեղեկացանք, որ այնուամենայնիվ դեռ վերջնականապես պարզ չէ, թե ով կլինի ՀՅԴ Բյուրոյի ղեկավարը եւ հնարավոր է նաեւ Ընդհանուր ժողովը՝ անտեսելով Հրանտ Մարգարյանի ցանկությունը հենց նրան ընտրի Բյուրոյի ներկայացուցիչ. ՀՅԴ կանոնակարգը նման բան թույլ է տալիս և դաշնակցականն էլ, որպես իր կուսակցության հնազանդ զինվոր, պարտավոր է կատարել կուսակցության կամքը։