Հայկ Կոնջորյանն Իրանն անվանեց ավտորիտար երկիր, իսկ Հայաստանը համեմատեց ծույլիկ տղայի հետ

Կարևոր է աշխարհում Հայաստանի իմիջն ու դիրքավորումը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ում հայտաարեց, որ ՀՀ նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության գործունեության և պրակտիկայի արդյունքում, մեր հանրության մոտ մեր արտաքին քաղաքականության նկատմամբ եղել է սկեպտիկ վերաբերմունք, անտեղյակություն:

Վերջինս նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կարող է լսումների միջոցով հանրությանը տեղյակ պահել այն հարցերի շուրջ, որոնց մասով քաղաքացին պետք է իր կարծիքը հայտնի:

Պատգամավորի խոսքերով, կարևոր է աշխարհում Հայաստանի իմիջն ու դիրքավորումը. «Նախկինում մի շարք միջազգային կառույցներ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկել են նույն հարթության վրա և տարբեր վերլուծությունների ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվել են միասին: Դա պատկերավոր ասած նմանվում է նրան, որ դասարանում երկու ծույլիկ տղաներն անընդհատ իրար հետ կռվում են և նրանց նկատմամբ ձևավորվում է նույն ստերիոտիպը: Իսկ հետո, երբ մեկը սկսում է լավ սովորել, նստվածքը շարունակում է մնալ: Նախկինում կային երկու ռեժիմներ, որոնք եղել են ավտորիտար բնույթի, խթանել են ընտրությունների կեղծման պրակտիկան: Այժմ Հայաստանում փոփոխություններ են կատարվել, ժողովրդավորությունը պետք է դառնա մեր կարևոր հաղթաթուղթն արտաքին քաղաքական ճակատում»:

Կոնջորյանն ապա խոսեց Հայաստանի հարևանների մասին՝ հայտարարելով, որ մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով և միայն Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում. «Այս շուրջ 160-170 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնի իր հաղթաթուղթը, միջազգային հանրության կողմից կընկալվի որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»: