Սկսում է հույսերի և խոստումների արդարացման փուլը.Նախագահը՝ պատգամավորներին

Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների հաջողությունը մեծապես պայմանավորված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունից: Այս մասին այսօր  ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր:

«Մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական, քաղաքական հոգու բազմաթիվ դրսևորումների տարի էր: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ու միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ՝ հույսերի և խոստումների արդարացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից, և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյնաը նշեց, որ նոր Հայաստան կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում: Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը:

«Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության բաղկացուցիչ կարևորագույն մասը: Հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում»,- նշեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նոր Ազգային ժողովին մաղթեց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: