Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով հարցաքննվել է Հրաչ Մուշեղյանը

Նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի

Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը:

Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք, որ սկանդալային ձայնագրությունը համացանցում էր հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին: ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցում դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հատվածում Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում էր. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա՞ անունը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ընդհանուր իրավասության դատարանում քննած դատավոր Վաչե Մարգարյանի մասին է: Սակայն նա տարածել էր հայտարարություն՝ տեղեկացնելով, որ ինքը Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել: Վանեցյանն էլ մի քանի ամիս հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե Հրաչ ասելով նկատի է ունեցել ոչ թե դատավորին, այլ՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանին: Այս գործով տուժողի կարգավիճակով հարցաքննվել են նաեւ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը, հարցաքննվել է նաեւ դատավոր Վաչե Մարգարյանը:

Առաջին գաղտնալսման հրապարակումից մի քանի ամիս անց համացանցում հայտնվեց նաեւ հեռախոսային խոսակցության երկրորդ մասը: