ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետ ասաց վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավորին, քննարկվեց այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ: Միջնորդության հիմքն այն էր, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել`պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով երկար ժամանակ մտերիմ են եղել, և որպեսզի կասկածներ չառաջանան իր անաչառության վերաբերյալ, ինքն ինքնաբացարկ էր հայտնել»,-ասաց նա:
Հայկ Ալումյանն ասաց, որ եթե դատավորը որոշի ինքնաբացարկ հայտարարել, ապա վաղվա դատական նիստը ևս տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի, իսկ եթե դատավորը որոշի ինքնաբացարկ չհայտնել, վաղը իրենց գրավի հարցի քննությունը կշարունակվի:
Փաստաբանը նշեց, որ դատարանը ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 14:00-ին:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պետք է քննվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին: Սա նրա 2-րդ կալնավորումն է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:
0Comments