Տոնական այս օրերին Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, երկու նվեր է մատուցել երևանցիներին: Մեկը՝ թանկ, մյուսը՝ տհաճ:
Թանկը տոնածառն է: Նախորդ տոնածառը լավը չէր: Մի տեսակ թավշյա չէր ու ոչ այնքան հեղափոխական: Դրա համար էլ ծախսվեց 150 հազար դոլարից ավելի գումար, որպեսզի ամեն ինչ լինի թավշյա ու հեղափոխական:
Եթե Տարոն Մարգարյանը նախկինում նման «ղալաթ» աներ, ապա շատերը, այդ թվում՝ նիկոլենք, կտարածեին, թե բա «ատկատներ» են եղել, թե բա ինչպե՞ս կարելի էր այս աղքատ երկրում նման ծախսեր անել, ու պատկերացրեք, որ տեղին կլինեին այդ խոսքերը: Բայց հիմա նման բաներ չեն ասվում, քանզի նորերը դեռ «ատկատի» ձևերը չգիտեն (չգիտե՞ն), իսկ ժողովուրդը ոչ թե աղքատ է, այլ հպարտ ու երջանիկ: Համ էլ՝ նվերի արժեքը ամոթ է հարցնելը. տալիս են, պետք է վերցնել:
Այլ բան է տհաճ նվերի պատմությունը: Դա վերաբերում է աղբին:
Մայրաքաղաքը աղբի մեջ կորած է: Չեն օգնում ոչ թավշյա քաղաքապետը, ոչ էլ ժողովրդական հեղափոխությունը:
Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, որը Երևանի ավագանու իշխանական խմբակցության անդամ է, առաջարկում է ուրախանալ, որ զիբիլը լցվել է քաղաքը:
«Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի:
Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի…»,-փիլիսոփայել է Իզաբելլա Աբգարյանն իր ՖԲ էջում:
Սրանց եզրահանգումները և պատճառահետևանքային կապերի ներկայացումը լրիվ արժանի է «Անասնաֆերմա» անտիուտոպիայի հավելված ստեղծելուն:
Սրանք առաջարկում են ուրախանալ, երբ շատ աղբ են տեսնում: Իսկ մենք էլ մտածում էինք, թե ինչպե՞ս են փաշինյանենք երջանիկ դարձնելու հայ ժողովրդին ու առարկայական ձևով ապացուցելու, որ կատարել են խոստումը:
Պարզվում է՝ երջանկությունը աղբի քանակի մեջ է: Որքան շատ, այնքան՝ լավ:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ. Մի հեղափոխական, ոչ բռնի ու թավշյա առաջարկ ունեմ կառավարությանը: Եկեք մարդկանց տներում, ավելի կոնկրետ՝ խոհանոցներում, հսկիչ սարքեր դնենք: Րոպեաչափեր:
Տեսախցիկը կֆիքսի, թե որքան ժամանակ են բնակիչները մնացել իրենց խոհանոցում: Ամեն մի րոպեի համար կարելի է հարկ սահմանել: Եթե շատ են մնացել խոհանոցում, ուրեմն շատ բան են ունեցել ուտելու: Եթե շատ բան են ունեցել ուտելու, ուրեմն շատ փող ունեն: Եթե շատ փող ունեն, ուրեմն թող մուծվեն բյուջե, որ էդ փողերով իշխանությունը կարողանա նոր տեսախցիկներ ձեռքբերել ու դրանք տեղադրել արդեն զուգարաններում՝ «Եթե շատ են գնում զուգարան, ուրեմն շատ են ուտում, եթե շատ են ուտում, ուրեմն շատ փող ունեն, եթե շատ փող ունեն, ուրեմն…» թեմայով:
Դե՛, ձեզ տեսնեմ թավշյա տղաներ ու հատկապես աղջկերք:
0Comments