Ռուսաստանի և Բելառուսի՝ մեկ պետության մեջ միավորվելու մասին խոսք չկա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Գործակալության հաղորդմամբ Պեսկովը հերքել է երկու պետությունները միավորելու մասին խոսակցությունները՝ ասելով, որ խոսքը «միմյանց ընդառաջ գնալու» մասին է:
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվում են Ռուսաստանի Դաշնության հարկային գործելակերպով պայմանավորված Մինսկի կորուստների հետ կապված հարցեր: Նա հավաստիացրել է, որ այս թեման և Դաշնակցային պետության շրջանակներում հետագա ինտեգրման խնդիրները զուգահեռ հարցեր են և կապված չեն միմյանց հետ:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հաջողված կհամարի երկու ղեկավարների բանակցությունների այնպիսի ելքը, որը թույլ կտա «ևս մեկ քայլ կատարել երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ»:
«Սա երկար ճանապարհ է, չարժե որևէ բեկումնային լուծում ակնկալել, քանի որ նյութը բավականին բարդ է»,- ընդգծել է նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ կան ավելի պակաս մասշտաբային, սակայն կողմերից յուրաքանչյուրի համար ոչ պակաս կարևոր այլ հարցեր:
Պեսկովը նշել է, որ Պուտինի և Լուկաշենկոյի բանակցություններից հետո մամուլի ասուլիս չի նախատեսվում: Այնուամենայնիվ, նա խոստացել է լրատվամիջոցներին «անհրաժեշտության դեպքում» բանակցությունների արդյունքների մասին տեղեկացնել:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով:
0Comments