ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կրկին հանդես է եկել մանիպուլյատիվ, իրականությունը խեղաթյուրող հայտարարությամբ, որի համաձայն, բնապահպանության նախարարությունն, իբր, չի պատասխանել իրենց հարցումներին։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Տեղեկացնում ենք, որ Հայկական բնապահպանական ճակատից հոկտեմբերի 29-ին և 31-ին ստացել ենք 3 գրություն, ու, թեև գրությունները չեն համապատասխանել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին՝ չեն եղել ստորագրված, նախարարությունը, այնուամենայնիվ, պատասխանել է դրանց։
Միևնույն ժամանակ ուզում ենք նշել, որ փորձագետը, որի մասին խոսվում է ՀԲՃ հայտարարության մեջ, նախարարին ուղարկել է ոչ ֆորմալ նամակ, որը հարցում կամ հրապարակում չի ենթադրել և չի պարունակել որևէ նոր եզրակացություն։ Փորձագետի կողմից ուղարկվել է նամակ, որը եղել է սեպտեմբերին Երևանում կայացած իր ասուլիսի համառոտագիրը։
Ուստի, անհասկանալի է, թե ՀԲՃ-ն ի՞նչ պահանջներ է ներկայացնում։
Նախախարի պարտականությունը չէ հանրայնացնել այն բոլոր նամակները, որոնք ստանում է։ ՀԲՃ պահանջը՝ հանրայնացնելու նախարարին ուղղվող նամակները, դուրս է տրամաբանության սահմաններից, ավելին, հակասում է էթիկական նորմերին։
Կողմ լինելով հրապարակային և թափանցիկ աշխատաոճին, ինչպես նաև կարևորելով որակյալ լրագրության ամենակարևոր սկզբունքը՝ հավասարակշռությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է անում հաղորդագրություններ հրապարակելուց առաջ դրանցում առկա տեղեկությունների հավաստիությունը ճշտել նաև գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ միակողմանի հրապարակումներից խուսափելու համար»։
«ՀԲՃ-ը կրկին հանդես է եկել մանիպուլյատիվ, իրականությունը խեղաթյուրող հայտարարությամբ»
ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր պարզաբանում է տարածել
0Comments