«Ժողովուրդ». Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել

Մանրամասներ
Կարեն Սարուխանյան

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի նիստում մի նոր սկանդալ է գրանցվել:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով վարչության նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։

Այս նիստից ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:

Բայց շարունակենք ՔՊ վարչության ուշագրավ նիստի մանրամասները: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Փաշինյանն ինչ-որ օղակներով տեղեկություն է ստացել, որ Կարեն Սարուխանյանը եւս ինչ-ինչ առնչություն ունի թմրանյութերի հետ. դրա համար էլ Փաշինյանը որոշել է անակնկալ կերպով, իր վստահելի մարդկանց միջոցով ճշտել իրականությունը:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրներն են փոխանցում՝ Սարուխանյանը բժշկի ու անվտանգության աշխատակցի հետ գնացել է, եւ ներկաներն այդպես էլ չեն իմացել, թե ինչ արդյունք է գրանցվել՝ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր, թե ոչ: Միայն հայտնի է, որ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ Գյումրիում ընտրությունները հետաձգելու ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի առնչությամբ դիմեց նաեւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին, ով թեեւ խուսափողական պատասխաններ տվեց, բայց չհերքեց մեր ունեցած բոլոր տեղեկությունները, որոնք իրեն ուղղել էինք հարցի տեսքով:

«Ես վարչության փակ նիստից որեւէ տեղեկություն ասելու իրավասություն չունեմ:

Չգիտեմ՝ ով է այդ տեղեկությունը տվել, թող հրապարակի, իմանանք, թե ով է փակ նիստից ինֆորմացիա դուրս հանել», – ասաց Սարուխանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՔՊ վարչությունն ինչ որոշում է կայացրել, երբ կլինեն նոր ընտրությունները՝ Կարեն Սարուխանյանը պատասխանեց. «Ինչպես ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է հայտարարել՝ իրավական դաշտում կան բացեր, որոնց ուղղությամբ աշխատանք է տարվում»:

Այսինքն, պատգամավորին, որպես ապագա ընտրարշավի նախընտրական ցուցակի առաջին համար, ոչ թե հետաքրքրում է իր կուսակցության հեղինակությունը կամ առնչությունը թմրանյութերին, այլ թե ով է «Ժողովուրդ» օրաթերթին կուսակցության դռնփակ նիստից տեղեկություններ տալիս: ՔՊ-ի միակ անհանգստությունը դա է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում