Օր առաջ բոլորս ուզում ենք փոխել տրանսպորտային համակարգը. Հայկ Մարության

Տրանսպորտային ցանցից գլուխ հանում են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի պատասխան ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարության, վստահեցրեց՝ տրանսպորտային ցանցից գլուխ հանում են։

«Ես ձեզանից շատ եմ ուզում օր առաջ լուծել մեր Երևանի տրանսպորտային խնդիրը, ասեմ ավելին, եթե դուք զեկույցներ եք կարդում, ես անձամբ շփվում եմ այդ ընկերության մասնագետների հետ, անգամ հրավիրել ենք իրենց Երևան՝ հանդիպման համար»,-ասաց քաղաքապետը։

Մարությանի խոսքով, ինքը ընկերության մասնագետներին հարցրել է՝ նախորդ իշխանություններն իրականո՞ւմ ցանկանում էին այդ փոփոխություններն անել, թե դա ուղղակի աչք փակելու համար մի ծրագիր էր գրվում։

«Իրենք ուղիղ չպատասխանեցին, որովհետև շատ քաղաքական պատասխան կլիներ։ Բայց ասացին, այո, նախորդ իշխանությունները վերապահումներ ունեին, որը մեզ խանգարում էր»,-նշեց Հայկ Մարությանը, ընդգծելով, որ մասնագետները խորհուրդ են տվել նոր տվյալներ ունենալ, քանի որ 20 տոկոս շեղման դեպքում պարտավոր են փոխել ցանցի տրամաբանությունը։

Քաղաքապետը հույս հայտնեց, որ շեղումն այդքան չի լինի, հակառակ դեպքում բրիտանական WYG ընկերությունը կհրաժարվի սխալ զեկույցը հանձնել պատվիրատուին։

«Մենք փորձում էինք իրենց համոզել, ոչինչ, թող 20 տոկոս շեղում լինի։ Հինը մի ձև հարմարեցնենք։ Սրա մասին է խոսքը։ Օր առաջ բոլորս ուզում ենք փոխել տրանսպորտային համակարգը, բայց չի կարելի գնալ թվերի դեմ ու ներդնել սխալ տրանսպորտային համակարգ, էնքան որ ասենք, եկեք շուշուտ անենք, որ ժողովուրդը մեզանից փոփոխությունների է սպասում։ Ես թույլ չեմ տա, որ 200 մլն դոլար ծախսվի սխալ համակարգի համար, իրենք են ասում, որ սխալ է»,-ասաց Մարությանը՝ ավելացնելով, որ ընկերությունը պատրաստ է հունվարի վերջ ճշգրտումներ ներկայացնել անվճար։

Խաժակյանն արձագանեց, բարեփոխումների հանձնաժողովը պարապուրդի է մատնված, նիստեր, քննարկումներ չկան։

«Ես չգիտեմ, թե իրենք ինչ են ասել ձեզ, բայց գիտեմ, թե ինչ են ներկայացրել։ Գուցե կա ճշգրտման կարիք, բայց ինձ համար զարմանալի է, որ դրա համար երկու տարի է պետք։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ քննարկումները պետք է հիմա սկսեն»,-ասաց Խաժակյանը։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանն անկեղծացավ, շատ զգուշավոր են ծրագրի նկատմամբ, քանի որ պատասխանատվությունն իրենց վրա է։

«Ծրագիրն ավարտված չէ։ Դեռ ամբողջական գումարը չենք վճարել։ Ավարտուն տեսքով ցանց այդ ընկերության կողմից չունենք, դուք գիտեք, թե քանի ավտոբուս է պետք լինելու, խնդրում եմ, պատասխանեք՝ 800 ավտոբուս որ գործարանն է կարողանալու ապահովել»,-ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով, որ փուլային ներդրում հնարավոր չէ։

Նա Խաժակյանին կոչ արեց մանիպուլյացիաների չդիմել, հասարակությանը շփոթության մեջ չգցել։

Ավագանու անդամն էլ հետաքրքրվեց՝ ե՞րբ են սկսելու քննարկումները։ Նա առաջարկեց, ոչ թե ամբողջ քաղաքը ստուգել, այլ կետային ստուգում իրականացնել։

Հայկ Սարգսյանը հակադարձեց, պայմանագիրն ավարտված չէ։ Մարությանն ասաց՝ ինքն է ասել է, նոր համակարգը պատրաստ կլինի 2 տարվա ընացքում, ոչ թե երկու տարուց։