Գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրինագիծը ԱԺ-ն ևս մերժեց մտցնել մեծ օրակարգ: Նախագիծը չընդգրկվեց օրակարգ՝ 15 կողմ, 64 դեմ 24 ձեռնպահ քվեներով։
Նշենք, որ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախագծով առաջարկում է փոփոխություններ կատարել ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող գնումները դարձնել հրապարակային:
Գորգիսյանը հիշեցրեց, որ ժամանակին, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր, անհամաչափ շատ ծախսեր էր արել. ինֆորմացիան տեղ էր գտել մամուլում և մեծ աղմուկ բարձրացել։ «Որից հետո նախկին ռեժիմը որոշել էր, որ գործի թաքուն, որ առաջին դեմքի ծախսերը հանրային հնչեղություն չստանան»,-ասաց նա։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական դիրքորոշումը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը և նշեց, որ օրենքի լրջությունը պետք է հասկանալ՝ այստեղ անվտանգության հարց կա։
«Չգիտեմ, պարոն Գորգիսյանը կա՛մ չի հասկանում, կա՛մ իրեն չեն ասել՝ ինչպես անի: Ես եկել էի խնդրելու գործընկերներիս, որ այսօր քննարկեինք Գորգիսյանի վարքագիծը հանձնաժողովում, բայց դա անում են մի մարդու համար, ով էթիկայի նորմերին համապատասխանում է։ Ձեզ, պարոն Գորգիսյան, էթիկայի նորմերի հարցով չեմ անդրադառնա»,-ասաց նա։
Վարման կարգով ձայն խնդրեց նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հիշեցրեց, որ սա այն նախագիծն է, որին դեմ են քվեարկել դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ, երբ փոփոխություն էր ներկայացնում։ «Ես զարմանում եմ, որ այն մանիպուլիացիաները, որ եղան, որից հետո պարզաբանում մտցրվեց, որից հետո վարչապետն այստեղ ասեց՝ գրոտեսկ է արել և ներողություն է խնդրում: Եթե խնդիր կա՝ դրա հետ կապված... դուք շարունակում եք պնդել այդ մանիպուլիացիոն փաստարկները։ Նախագիծը անվտանգության առումով որևէ խնդիր չի առաջացնում, ուղղակի թափանցիկություն է առաջացնում»,-ասաց նա։
Վարման կարգով խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը և նշեց, որ սա խորհրդարանական երկիր է, իրենք իշխող մեծամասնություն են և որոշել են, որ այս հարցի ընդունումը սպառնալիք կլինի երկրի բարձրագույն իշխանությանը, ուստի դեմ են քվեարկելու այս օրենքին։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ մինչև 2017 թվականը այդ տեղեկատվությունը բաց է եղել՝ որևէ հիմնավորում չկա, որ դա սպառնալիքի տեղիք է տալիս։ «Հետևաբար ուղղակի որոշել, որ «մեծամասնություն ենք և գտնում ենք, որ սպառնալիք է», կներեք, նորից հնչում է այսպես՝ «մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք» »,-ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ներկայացրեց հիմնավորումը․ «Ռազմական տեխնիկայի սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը.. եթե դուք չեք տեսնում ազգային անվտանգության խնդիր, դա ձեր իրավունքն է»,-ասաց նա։
Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, նշեց, որ նա մանիպուլիացիա է անում՝ «Ելք» դաշինքի անունը տալով։ «Երբ խոսում եք մանիպուլիացիներից, միշտ մանիպուլիացիա եք ենթարկում՝ «Ելք» դաշինքի անունը տալով։ Պատմական փոփոխություններ են տեղի ունեցել, իրավիճակ է փոխվել և «Ելք»-ի հայտարարությունը խնդրում ենք այլևս չվկայակոչել, որովհետև ահագին բան է փոխվել, որից բոլորը տեղյակ են»,-ասաց նա։
Մարուքյանը տեղից արձագանքում էր, որ պետք չէ իրենց վախեցնել։
«Ոչ մեկ ձեզ չի վախեցնում, մի արձագանքեք տեղից»,-նշեց Դավոյանը։
0Comments