Աբովյան քաղաքի դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին հենց իրենք՝ դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները։ 2008թ. պայմանագրային զինծառայող համարվող Աշոտ Հովհաննիսյանը մեզ ասաց, որ օրերս ՊՆ-ից իրենց տեղեկացրել են, թե այսուհետ քաղաքացիական աշխատողներ են համարվելու, իսկ աշխատավարձը կրճատվելու է 40 տոկոսով։
«Վերջին ամիսներին խոսակցություններ կային, որ կրճատումներ պետք է լինեն, բայց մեկ օրվա մեջ որոշեցին, որ կրճատումներ չեն լինելու, լինելու են հաստիքային փոփոխություններ, և մենք դառնալու ենք քաղաքացիական աշխատողներ, անելու ենք նույն գործողությունը, ինչ պայմանագրային զինծառայող եղած ժամանակ ենք արել: Այսինքն՝ իրականացնելու ենք պահակային ծառայություն, աշխատավարձն էլ 107.000 դրամից դառնում է մոտ 65.000։ Մեզ կանչեցին ՊՆ ու ասացին՝ դիմում գրեք, որ քաղաքացիական աշխատող մնաք։ Ասացին՝ կարող եք տվյալները թողնել կադրերի բաժնում, բայց մի ամիս ժամանակ է տրվում, որ ուրիշ տեղ գործ լինի, առաջարկենք, աշխատեք։ Մենք էլ ասացինք, որ տվյալ զորամասում աշխատելու պայմանագիր ենք կնքել 3 տարով, և, եթե խզում ենք, պատասխանատվության ենք ենթարկվում, բայց եթե դուք եք խզում, ոչ մի պատասխանատվության չե՞ք ենթարկվում»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողները խնդրել են սպասել մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, բայց ՊՆ-ից իրենց ասել են, թե դա հնարավոր չէ.
«Ասացին՝ օրենք է դուրս եկել, որ պետք է կամ կրճատվեք, կամ քաղաքացիական աշխատողներ դառնաք։ Այս ընթացքում շատերն են կրճատվել, ու կադրերի բաժնից իրենց որևէ աշխատանք չեն առաջարկել, բոլոր զորամասերում են կրճատումներ եղել, ու աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Մարդ կար, որ այսքան ծառայելուց հետո պետք է զինվորական թոշակի անցներ, հիմա էլ չի գնալու զինվորական թոշակի։ Մենք օգտվում էինք բժշկական ծառայություններից, հիմա չենք օգտվելու։ Մենք իրականացրել ենք պահակային ծառայություն, և բեռների բարձում, բեռնաթափում։ Հիմա ասում են՝ միայն պահակություն ենք անելու, բայց ունեն 2 բանվոր, եթե նրանք բացակայում են, մեզ այսպես թե այնպես կանչելու են։ Իմ պայմանագրի լրանալուն դեռ 2 տարի կար, ես այնտեղ աշխատում եմ 2008թ.»։
Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ նախկինում իրենց չի թույլատրվել երկրորդ աշխատանք ունենալ, իսկ հիմա ասել են, թե կարող են երկրորդ աշխատանք գտնել.
«Նախկինում ասում էին՝ օրենքը թույլ չի տալիս, որ զինվորական լինելով՝ երկրորդ գործ անես, որովհետև հանգստի համար տրամադրվող երկու օրը նրա համար է, որ հետո կարողանանք նորմալ ծառայություն իրականացնել, ծառայության ընթացքում չքնել, իսկ հիմա առաջարկում են ուրիշ տեղ էլ աշխատել, բայց մեզ ոչ մեկն աշխատանքի չի ընդունի, որովհետև մեկ օր ծառայություն իրականացնելուց հետո հոգնած պետք է գնանք ուրիշ տեղ աշխատանքի, իսկ դա ոչ մեկը չի ուզում»։
Պայմանագրային զինծառայողն ասաց, որ նույն բանն է տեղի ունեցել նաև այլ զորամասերում, Մուրացանի ու Կանազի հոսպիտալներում.
«Կանազի հոսպիտալի աշխատողները դիմում են գրել, որ, եթե քաղաքացիական աշխատողներ են դառնալու, գոնե աշխատավարձը բարձրանա, բայց չեն բարձրացրել։ ՊՆ-ից ասում են, թե օրենքը շուտվանից է գրված եղել, նոր է ընդունվել, գնացեք՝ երկրորդ աշխատանք գտեք։ Նախկինում մի երկու անգամ 10 տոկոս աշխատավարձ են բարձրացրել, ամեն տարի Նոր տարուց հետո հույս էինք ունենում, որ պետք է մեր աշխատավարձը բարձրանա, բայց այս Նոր տարվա դիմաց 40 տոկոսով մեր աշխատավարձը նվազեցրին։ 10 տարի առաջ 60 հազարով ենք աշխատել, հիմա նորից մեզ 10 տարի հետ գցեցին, ու դարձրին 60 հազար, մեզ կանգնեցրին փաստի առաջ»։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենսդրական փոփոխություն է եղել, ինչի արդյունքում տարբեր ստորաբաժանումներ օպտիմալացվում են, ստատուս է փոխվում, իրենց ծառայության բնույթն է փոխվում, և այլն։
0Comments