ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը։ NEWS.am–ի հետ զրույցում Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանն ասաց, որ միջնորդել են Մայրապետյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Պաշտպանը նաեւ նշեց, որ դեռեւս չեն ստացվել նոյեմբերի 14-ին Մայրապետյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Կարեն Բատիկյանն, ինչպես նախկինում, ներկայումս էլ հրաժարվում է նշել, թե ըստ մեղադրանքի՝ իր պաշտպանյալն ու՞մ է կաշառքի միջնորդություն արել։
Նա ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց այն տեղեկությունը, որ իր պաշտպանյալը մեղադրվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կաշառք տալուն օժանդակելու մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն ու եւս երկու ամսով երկարաձգել Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Գործարարի պաշտպաններն ահազանգում են, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման եւ գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
0Comments