«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել:
Հիշեցնենք՝ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա սեպտեմբերի 30-ին: Քանդակում պատկերված է Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ուսապարկով ու գլխարկով՝ այն նույն տեսքով, երբ Գյումրի քաղաքից մարտի 31-ին արեց իր «առաջին քայլը»: Քանդակի համար տարածքը, ըստ էության, չէր վերահսկվում և պահպանության պարտավորություն ոչ ոք չէր կրում:
Քանդակագործի դուստրը՝ Անուշիկ Դավթյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ քանդակը տեղափոխվել է Իջևան, այն այժմ հեղինակի արվեստանոցում է:
«Այդ վայրում չկար մարդ, որը կհսկեր արձանը ու էլի հնարավոր էր՝ նորից վնասեին: Իմաստ չկար ամեն անգամ վերանորոգել: Դրա համար տարանք Իջևան: Հավանաբար կտեղադրվի Իջևանի մուտքի մոտ: Չգիտենք, թե ով է վնասել քանդակը: Երևի անադեկվատ մեկն է եղել: Ամեն դեպքում, վերջնական որոշումը եղավ տեղափոխումը, որովհետև դեպքերը կարող էին կրկնվել»,- տեղեկացրել է քանդակագործի դուստրը:
Այժմ ընթանում են քանդակի վերականգնման աշխատանքները, որից հետո այն կտեղադրվի Իջևանում:
0Comments