Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան. դատախազը՝ ակցիայի մասնակիցներին

Դատախազությունը համաձայն չէ դատական ակտի հետ

«Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, մենք արդեն հայտարարել ենք և ես վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը՝ համաձայն չենք այդ դատական ակտի հետ և պատրաստվում ենք բողոքարկել այն»:

Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն իջել էր հանդիպելու  Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշման դեմ բողոքող ցուցարարների հետ:

Արթուր Դավթյանը ցուցարարներին հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան:

«Մինչև այսօր աշխատանքային օրվա ավարտը մուտք կլինի վերաքննիչ դատարան»,-ասաց Արթուր Դավթյանը:

Նա ընդգծեց, որ օրեսդրության համաձայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից հետո 3 օրվա ընթացքում. «Այսինքն որ օրը ստանա նյութերը, դրանից երեք օրվա ընթացքում կնշանակի նիստ, որի ընթացքում կստուգվի առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը: Բողոքը ներկայացնող մեր դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն մեր հիմնավորումները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին: