Ինչո՞ւ է Արման Եղոյանը հտաքրքրվում ԶԼՄ-ների ֆինանսական հաշվետվություններով

Լրատվական գործունեություն իրականացնողը պետք է ՀՐԱՊԱՐԱԿԻ այդ հաշվետվությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը բացատրել է, թե ինչու է հիշել զանգվածային լրատվության մասին օրենքի «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը» վերտառությամբ 12-րդ հոդվածը:

Օրեր առաջ լրատվական դաշտում տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը վերջին մի քանի օրերի ընթացքում զանգահարում է տարբեր լրատվամիջոցների խմբագիրների եւ հետաքրքրվում նրանց ֆինանսական շարժով` տպագրել են տարեկան հաշվետվությունները, թե` ոչ: Այս մասին Արման Եղոյանը րառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ զարմացել են, թե ինչու եմ ես հանկարծ հիշել զանգվածային լրատվության մասին օրենքի «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը» վերտառությամբ 12-րդ հոդվածը, համաձայն որի՝

Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ օրենքը իմպերատիվ կերպով սահմանում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը պետք է ՀՐԱՊԱՐԱԿԻ այդ հաշվետվությունը, ոչ թե ներկայացնի այս կամ այն պետական մարմնին, այլ՝ հրապարակի՛, հետևաբար պետք է հասանելի դարձնի յուրաքանչյուր քաղաքացու:

Պատահական չէ, որ այս նորմը տեղ է գտել օրենսդրության մեջ. զանգվածային լրատվության միջոցները պետք է նույն կերպ հաշվետու լինեն հասարակության առաջ ինչպես և՝ հանրային ծառայողներն ու պետական պաշտոնյաները: Զարմանալի չէ, որ բոլոր այն լրատվամիջոցները որոնք հրապարակել էին իրենց տարեկան հաշվետվությունը սիրահոժար տրամադրեցին այն, իսկ որոնք ինչ-ինչ պատճառներով մոռացել կամ նույնիսկ չէին իմացել այս նորմի գոյության մասին, շնորհակալություն հայտնեցին հուշման և հիշեցման համար:

Կարող եմ ենթադրել, որ այն լրատվամիջոցները, որոնք դժգոհում են իմ այս հիշեցումից, իրենց ընթերցողից թաքցնելու բան ունեն, ինչը շատ մտահոգիչ է: Այնպես որ, ևս մեկ անգամ, արդեն հրապարակային, հիշեցնում եմ զանգվածային լրատվության մասին օրենքի 12-րդ հոդվածի գոյության մասին», – ասված է Եղոյանի գրառման մեջ: