Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս մասին ասվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։
Նպատակի իրագործման համար կառավարությունը առանցքային նշանակություն է տալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերմանը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացմանը:
Նշվում է, որ աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը: Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։ Բարեփոխվելու է նաև կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրում նշվում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Կառավարությունը այս ծրագրով խոստանում է, որ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում: Կառավարությունը նաև հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն:
0Comments