Ռուսաստանը դատապարտում է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը և կոչ է անում հակամարտության մասնակիցներին հրաժարվել քաղաքացիական օբյեկտներին հարվածելուց։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանը դատապարտում է այս հարձակումը և Արաբական թերակղզու տարածքում հակամարտությունների մասնակիցներին կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 10-ին Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան օդանավակայանը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության։ Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 300-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Նախնական տվյալներով՝ տուժածների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ տարածաշրջանում ցանկացած ճգնաժամային իրավիճակ բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու՝ բոլոր պետությունների շահերն ապահովելու պայմանով իր դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների տվյալներով, որոնց վկայակոչում է The Wall Street Journal-ը, հոկտեմբերի 10-ի հարձակման ժամանակ հրթիռները հարվածել են օդանավակայանի երրորդ և չորրորդ տերմինալներին։ Օդանավակայանը զգալի վնասներ է կրել, իսկ տանիքի որոշ հատվածներ փլուզվել են ներսում գտնվող մարդկանց վրա։

Հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կմիանա հութիների դիրքերին Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածներին։

«Մենք հենց նոր տեղեկացանք վերջին հարձակման մասին, ուստի որոշում կկայացնենք։ Դա կանենք արագ», — Թենեսի մեկնելուց առաջ Էնդրյուս ռազմաբազայում լրագրողներին ասել է Թրամփը։

Share.