Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Մալթեփե շրջանում յոթհարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 10 մարդ փրկվել է, ևս 2-ի որոնումները շարունակվում են։ Շենքում բնակվում է ընդհանուր առմամբ, 33 մարդ։

Թուրքական «Հուրիյեթ» պարբերականը գրում է, որ փլուզումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 05։40-ի սահմաններում, Մալթեփեի Ջևիզլի թաղամասի Դողու փողոցում։

Նախնական տեղեկություններով՝ դեռևս չպարզված հանգամանքներում փլուզվել են 1987 թվականին կառուցված յոթհարկանի շենքի երեք հարկերը։

Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), հրշեջ ծառայության, ոստիկանության, շտապօգնության և բժշկական փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցներ։

Ըստ բնակչության հաշվառման տվյալների՝ շենքն ունի վերգետնյա յոթ հարկ։ Առաջին հարկում գործում է առևտրային օբյեկտ, վերին հարկերում կա 12 բնակարան։ Փլուզումից չտուժած բնակարանների բնակիչները տարհանվել են։

Փրկված բնակիչները պատմել են, որ շենքում նախկինում ճաքեր են նկատվել, իսկ որոշ բնակիչներ լսել են ճարճատյունի ձայներ։

Հինգերորդ հարկից փրկված Ֆաթմա Թուրհանը հայտնել է, որ սկզբում կարծել է, թե երկրաշարժ է տեղի ունենում։

«Կարծեցի՝ երկրաշարժ է։ Ամեն ինչ ուժգին ցնցվում էր, կարծես ռումբ պայթեր։ Ննջասենյակում էի, երբ զգեստապահարանն ընկավ վրաս։ Դռները խցանվել էին և չէին բացվում։ Ի վերջո, հրշեջները մեզ դուրս բերեցին»,- պատմել է կինը։

Նրա խոսքով՝ շենքի բնակիչները նախկինում քննարկել էին քաղաքաշինական վերակառուցման ծրագրին մասնակցելու հնարավորությունը, սակայն համաձայնության չէին եկել։

Մեկ այլ բնակիչ՝ Թոլգա Գյուրպընարը, հայտնել է, որ շենքը հին էր և ճաքեր ուներ։ Նրա խոսքով՝ բնակիչները քննարկել էին շենքի վերակառուցումը և նույնիսկ բանակցել կառուցապատողների հետ, սակայն գործընթացը վերջնական համաձայնության չէր հանգել։

«Մեր հարևաններից ոմանք ասում էին, որ շենքից ճարճատյունի ձայներ են լսել։ Ինձ վրա բետոնի կտոր ընկավ, բայց թեթև վնասվածք ստացա։ Մեր տունն այժմ ծանր վիճակում է»,- նշել է նա։

Բնակիչների և նրանց հարազատների տեղեկություններով՝ փլատակների տակ հայտնվածների թվում կան նաև երիտասարդներ և երեխաներ։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շենքի՝ 2026 թվականի հունվարին Google Street View ծառայության միջոցով արձանագրված պատկերներում որոշ հատվածներում նկատելի են եղել ճաքեր։ Ուշադրություն են գրավել նաև շենքի ստորին հարկերում կատարված փոփոխությունները։

Շենքի փլուզման պատճառները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։ Փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։

Share.