ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են «Հյուսիսային հոսք» գազատարի նախագծում ամերիկացի ներդրողների ներգրավման հնարավորությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բանակցություններում, ըստ գործակալության, առանցքային դեր ունեն ԱՄՆ հատուկ պատվիրակ, նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Կուշները և ՌԴ նախագահի խորհրդական Կիրիլ Դմիտրիևը։ Վերջին շաբաթներին նրանք հանդիպումներ են անցկացրել Մոսկվայում և Նյու Յորքում։

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական գործընթացում ներգրավված Կուշները տնտեսական համագործակցությունն ու գործարար կապերի զարգացումը դիտարկում է որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավոր գործոն։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող գործարքի իրականացումը կարող է ամերիկյան ընկերություններին հնարավորություն տալ շահույթ ստանալ պատերազմից հետո դեպի Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումների վերականգնումից։

Միաժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ վերջին շրջանում «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ նման քննարկումներ չեն անցկացվել։ Նա, սակայն, նշել է, որ Ռուսաստանի հետ ցանկացած գործարք պետք է համաձայնեցվի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և Ֆինանսների նախարարության հետ և համապատասխանի ամերիկացի հարկատուների ու ընկերությունների շահերին։

Reuters-ը նաև հաղորդում է, որ ռուսական գազի արտահանման վերականգնման կողմնակից Կիրիլ Դմիտրիևը նախորդ ամիս ԱՄՆ էներգետիկայի և ֆինանսների նախարարություններում քննարկել է էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Դմիտրիևի մամուլի ծառայությունը տեղեկությունը չի մեկնաբանել։

Share.