Սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է շվեդական Ֆագերստա քաղաքի դպրոցներից մեկի վրա և վիրավորել մի քանի հոգու, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան։

AFP գործակալությունը, հղում անելով Ֆագերստայի շրջանի առողջապահական համակարգի ղեկավարին, հայտնում է, որ վիրավորվել է առնվազն երեք մարդ․ երկուսի վիճակը ծանր է, իսկ երրորդինը՝ դեռևս հայտնի չէ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

BBC-ն փոխանցում է, որ ոստիկանությունը 450 աշակերտ ունեցող Բրինել դպրոցից ահազանգն ստացել է ուրբաթ օրը՝ կեսօրից հետո ժամը երկուսի սահմաններում։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները, այդ թվում՝ ոստիկանական ուղղաթիռ։ Ոստիկանության մամուլի քարտուղարը շուտով հայտարարել է, որ հարձակվողը ձերբակալված է և այլևս վտանգ չի ներկայացնում։

Շվեդական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակվողը ձերբակալման ընթացքում վիրավորում է ստացել ոտքի շրջանում։ Թե հստակ ինչով է նա զինված եղել, դեռ պարզ չէ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ բնակչության համար սպառնալիք չկա։

Հաղորդվում է, որ ուրբաթ օրը Բրինել դպրոցում ամառային արձակուրդներից հետո առաջին ուսումնական օրն է եղել։ Հարձակումից հետո շրջանի դպրոցները փակվել են։

Անցյալ տարվա փետրվարին շվեդական Էրեբրու քաղաքում 35-ամյա Ռիկարդ Անդերսոնը մեծահասակների կրթական կենտրոնում սպանել է 10 մարդու, որից հետո ինքնասպան է եղել։

Share.