Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Եվրոպական իշխանությունները հետաքննում են Ֆրանսիայում և ԵՄ այլ երկրներում տեղի ունեցած անկարգություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, հաղորդում է Financial Times-ը։ Պարբերականի հատուկ ծառայությունների աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսամետ օգտահաշիվները բռնության տեսանյութեր և կեղծ տեղեկություններ են տարածել բողոքի ակցիաների մասին։ «Հնարավոր է, որ ռուսական տեղեկատվական արշավներ իրոք իրականացվում են, սակայն հարթակները չպետք է ալգորիթմների միջոցով խթանեն դրանց տարածումը»,— հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։ ԵՄ դիվանագիտական ծառայության տվյալներով՝ եվրոպական երկրների շարքում միայն Ուկրաինան է Ֆրանսիայից ավելի հաճախ թիրախավորվում արտաքին ապատեղեկատվական գործողությունների կողմից։

Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ծառայություններին հանձնարարել են պարզել՝ արդյոք ռուս գործակալները կարո՞ղ էին փողոցներում բռնություններ հրահրել։ Հետաքննությունը դեռ վաղ փուլում է։ Եվրոպական հետախուզությունում FT-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ռուսական տեղեկատվական արշավները հիմնականում արդեն իսկ տեղի ունեցող իրադարձությունների արձագանքն էին և սահմանափակվում էին համացանցով։ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն անկարգություններն անվանել է հիբրիդային պատերազմի դրսևորում, որը TikTok-ի, YouTube-ի և սոցցանցերի միջոցով մղվում է եվրոպական երկրների դեմ։ Նրա համոզմամբ՝ Արևմուտքը չի գիտակցում կատարվողը և պատասխան քայլեր չի ձեռնարկում։

Եվրոպական հետախուզությունում FT-ի աղբյուրի խոսքով՝ իշխանությունները մտադիր են նախևառաջ ստուգել ծայրահեղ ձախ խմբավորումների գործունեությունը։ Թերթի զրուցակիցը կարծում է, որ անկարգությունները ներքաղաքական արմատականացման հետևանք են, ոչ թե արտաքին միջամտության։ Եվրոպական հետախուզության մեկ այլ ներկայացուցիչ կոչ է արել չգերագնահատել Ռուսաստանի և այլ օտարերկրյա պետությունների դերը։ «Մարդիկ փողոց են դուրս գալիս, որովհետև իշխանություններից ունեն իրական դժգոհություններ։ Օտար պետությունները փորձում են թեժացնել բողոքի տրամադրությունները, սակայն նրանց դերը պետք չէ ուռճացնել։ Չափազանց պարզունակ կլիներ ասել, թե ամեն ինչում ռուսներն են մեղավոր»,— հայտարարել է նա FT-ին։

Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Դավիդ Կոլոնը FT-ին պատմել է, որ կրեմլամետ բլոգերները կեղծ տեղեկություններ են տարածել անկարգությունների մասին։ Նա նշել է ռուսական ազդեցության «Մատրյոշկա» և «Storm-1516» ցանցերը։ Միաժամանակ Կոլոնը գտնում է, որ այդ օգտահաշիվները կանգնած չեն եղել բողոքի ակցիաների կազմակերպման ետևում։

FT-ն հայտնաբերել է մի քանի օգտահաշիվներ, որոնք այլ երկրների տեսանյութերը ներկայացրել են որպես Ֆրանսիայի անկարգությունների կադրեր։ Դրանցից մեկը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ցուցարարները հրատեխնիկա են նետում։ Իրականում այն նկարահանվել էր Թբիլիսիում՝ 2024 թվականի բողոքի ցույցերի ժամանակ։ Տեսագրությունը հավաքել է գրեթե 6 միլիոն դիտում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նման նյութեր տարածել են ռուսամետ և ծայրահեղ աջակողմյան օգտահաշիվները, որոնք նախկինում ևս աչքի էին ընկել ապատեղեկատվական արշավներում։

Share.