Թուրքիան կարող է ռազմական մասնագետներ ուղարկել Սաուդյան Արաբիա՝ թագավորության և Պակիստանի հետ համատեղ պաշտպանության մասին համաձայնագրի շրջանակում։
Զինծառայողների տեղակայման համապատասխան մանդատը նախատեսվում է ներկայացնել խորհրդարանի քննարկմանը համաձայնագրի վավերացումից հետո, Reuters գործակալությանը հայտնել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) պատգամավորներից մեկը։
Երեքշաբթի Թուրքիան խորհրդարանին վավերացման համար ներկայացրել է համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը, որը երեք երկրները ստորագրել էին օգոստոսին։ Դրա հաստատումը քայլ կլինի դեպի Անկարայի և Էր Ռիյադի միջև պաշտոնական փոխադարձ պաշտպանական պարտավորությունների ձևավորում՝ Եմենի հութիների հարձակումների ֆոնին։
Իշխող կուսակցության ներկայացուցիչը շեշտել է, որ համաձայնագրի շրջանակում այլ երկրներ ուղարկված թուրք զինծառայողները չեն մասնակցելու հարձակողական գործողությունների։ Առաջին փուլում Անկարան նախատեսում է տեխնիկական մասնագետներ և փորձագետներ ուղարկել՝ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությանն աջակցելու, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները զարգացնելու և այլ պաշտպանական օգնություն ցուցաբերելու համար։
Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովման գործում Թուրքիայի ներդրումը կարող է սահմանափակվել ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարումներով, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակմամբ։ Անկարան միաժամանակ համաձայնել է միանալ Էր Ռիյադի գլխավորած Կարմիր ծովում նավագնացության անվտանգության ապահովման կոալիցիային։
