Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հարստացված ուրանի նույնիսկ մեկ մասնիկ դուրս չի գա Իրանից։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Հոկտեմբերի 20-ի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ Ռեզային Իրանի հարստացված միջուկային նյութը բնութագրել է որպես ազգային կարևորագույն ակտիվ և նշել, որ այն կմնա երկրում՝ ներքին օգտագործման համար։
Նա հավելել է, որ Իրանի պաշտոնյաներն ու ժողովուրդը միասնական են այս հարցում։ Ռեզայիի խոսքով՝ Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Միացյալ Նահանգները վստահություն հաստատելու քայլեր չի ձեռնարկել։ Ռեզային ընդգծել է, որ այդ գործընթացի մեկնարկային կետ կլինի Իրանի պայմանների կատարումը։
Պաշտոնյան նաև ընդգծել է Իրանի և Պակիստանի ժողովուրդների եղբայրական կապերը։
Իր հերթին Մունիրը հայտարարել է, որ Իրանի և Պակիստանի միջև սահմանը վերաբացվել է՝ նշելով, որ սահմանային խնդիրները լուծվել են, և հոկտեմբերի 20-ի առավոտյան անցակետերը վերսկսել են աշխատանքը։
Պակիստանի բանակի ղեկավարը նաև գովաբանել է Իրանի զինված ուժերի դիմադրությունը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ընթացքում և ընդգծել Թեհրանի ու Իսլամաբադի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ առանց արտաքին ուժերի ներգրավման։
