Իտալիայի իշխանությունները ստուգում են՝ արդյոք Ռուսաստանը կամ այլ արտաքին ուժեր կարո՞ղ էին առնչություն ունենալ բռնի բողոքի ակցիաների կազմակերպմանը, որոնք անցած հանգստյան օրերին ընդգրկել էին Միլանը և եվրոպական այլ քաղաքներ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությունը տեղեկություն է խնդրել անկարգություններում օտարերկրյա սադրիչների հնարավոր դերի մասին։ Կառավարության ղեկավարի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։
Կառավարության դեմ և կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաներ անցկացվել են Իտալիայի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին։ Ամենախոշոր անկարգությունները եղել են Միլանում։ Իտալիայի հյուսիսային մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ, որոնցից գրեթե 50-ը կալանավորվել են։ Քաղաքի կենտրոնում բախումների հետևանքով բժշկական օգնության համար դիմել է ավելի քան 110 իրավապահ։
Strade Sicure գործողությունը, որի շրջանակում զինծառայողներ են ներգրավվել քաղաքների պարեկության և կարևոր օբյեկտների պահպանության մեջ, գործում է 2008 թվականի օգոստոսից։ Սկզբում դրան մասնակցում էր երեք հազար զինվոր։ Հետագայում գործողության մասշտաբը բազմիցս ընդլայնվել է։ Ներկայում դրանում ամբողջ Իտալիայով մոտ 6800 զինվորական է ներգրավված։
