Ամերիկացին 2 դոլարով վիճակախաղի տոմս է գնել ու շահել 1,3 միլիարդ դոլար ջեքփոթ

Մանրամասներ
ա

ԱՄՆ Իլինոյս նահանգի մի բնակիչ, որը գնել է 2 դոլար արժողությամբ վիճակախաղի տոմս, շահել է 1,3 միլիարդ դոլար՝ Mega Millions-ի պատմության ամենամեծ ջեքփոթներից մեկը: Եթե նա որոշի  շահումը ստանալ անմիջապես և միանվագ, այլ ոչ թե 29 տարվա կտրվածքով բաշխված տարեկան վճարումների տեսքով, ապա հարկերի գանձումից հետո նրան կմնա ընդամենը 433,7 միլիոն դոլար, գրում է Bloomberg-ը։

Պարբերականը հավելում է, որ սա Mega Millions-ի պատմության ամենամեծ շահումներից մեկն է և ԱՄՆ-ում երրորդ խոշորագույն ջեքփոթը:

Շահումն ամբողջությամբ կարելի է ստանալ՝ միայն այն դեպքում, եթե հաղթողը համաձայնի 29 տարվա ընթացքում Mega Millions-ի կողմից տարեկան վճարումների: Վիճակախաղի հաղթողների մեծ մասը նախընտրում է միանվագ վճարումը, որն ավելի փոքր գումար է կազմում՝ հաշվի առնելով հարկերի գանձումը:

Այս դեպքում բոլոր հարկերը վճարելուց հետո դեռևս անհայտ հաղթողը կստանա ընդամենը 433,7 միլիոն դոլար, հաշվարկել է Forbes USA-ի ներդրող Ռոբերտ Վուդը:

Հաղթողը 2 դոլարանոց տոմս է գնել Չիկագոյի արվարձաններից մեկում։ Թե ով է շահել ջեքփոթը, դեռ հայտնի չէ։ Իլինոյսը այն նահանգներից է, որտեղ 250 հազար դոլարից ավելի շահողներն իրավունք ունեն չբացահայտել իրենց ինքնությունը։