Հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների հեռուստաբանավեճի հաղթողը

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը դարձել է վարչապետի թեկնածուների հեռուստաբանավեճի հաղթող. հաղորդում Է Independent-ը՝ վկայակոչելով ITV հեռուստաալիքի հարցման տվյալները: Քաղաքական գործիչը հավաքել է հեռուստադիտողների ձայների 24%-ը, որոնք նրա ելույթը համարել են լավագույնը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Համայնքների պալատի արտաքին գործերի հատուկ հանձնաժողովի նախագահ Թոմ Տուգենդհաթը, ով հավաքել է ձայների 19%-ը: Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցրել Է Մեծ Բրիտանիայի առևտրի քաղաքականության գծով կրտսեր նախարար Փենի Մորդաունտը, ում օգտին քվեարկել է հեռուստադիտողների 17%-ը: Երկրի արտգործնախարար Լիզ Թրասը լավ է հանդես եկել հարցվածների 15%-ի կարծիքով: Վատագույն արդյունքները ցույց է տվել իրավահավասարության հարցերով նախկին նախարար Քեմի Բադենոխը՝ ձայների 12%-ով:

Նշվում է, որ քննարկումների ընթացքում Սունակի վրա հարձակումների շարք է սկսել Թրասը, որը նրան մեղադրել է վերջին 70 տարվա ընթացքում ռեկորդային բարձր հարկերի մեջ և կասկածել, որ նրա քաղաքականությունը Միացյալ Թագավորությունը կհանի ռեցեսիայից։

Սունակն իր հերթին հակադարձել է Թրասին և հայտնել, որ կցանկանար հայտարարել հարկերի նվազեցման և այն մասին, որ «ամեն ինչ լավ կլինի», սակայն դա անել չի կարող, քանի որ «տնտեսությունը պահպանողականություն չէ, այլ՝ սոցիալիզմ»: