Մենք պարտվեցինք, որովհետև պիտի պարտվեինք․ Հաղթելու համար մեր անգրագետներն ու անզուսպ լաչառները պիտի լսարան չունենային․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Մանրամասներ

Մենք 21-րդ դար մտանք այն համոզմամբ, որ մեղավորը մեզ պարբերաբար իշխած պարսիկներն էին, թուրքերը, ռուսները, հայ «թալանչիները», բայց ոչ երբեք մենք ինքներս, հենց մեր մեջի ստրուկը, «աբիժնիկը»: Ու այդ «մեղավորներին» պատժելու համար ստեղծում էինք կուռքեր, կեղծ մեսիաներ, որոնք մեզ համար բարոյական հաղթանակներ էին կորզում, կեղծ հաղթանակներ, որոնք մենք արժեքային ինվերսիայի միջոցով առասպելացնում էինք: Վատը սարքում էինք լավ, իսկ լավն անվանում էինք չարիք:

Վազգենի ասած մտքի մեջ էր պարունակվում մեր հազարամյա պատմությունը՝ իր ողջ հմայքով և թշվառությամբ: Մեր գենետիկ հիշողությունը, մեր իղձերը, մեր խենթ բնավորությունը, մեր չարաբաստիկ արկածախնդրությունը, մեր արհամարհանքը բնագիտության և արարչի օրենքների հանդեպ: 21-րդ դարը դեռ մերը չդարձավ հենց վերոհիշյալ «ressentiment»-ի և դրա չհաղթահարված հետևանքների պատճառով:

Ճիշտն ուժեղն է, ճիշտն արին է: Ճիշտն ու ուժը նույն բանն են: Սա է բառացի բանասիրական իրողությունը: Հռոմում virtue, հույների մոտ ἀρετή, հայերիս մոտ առաքինի: Լինել ճիշտ ու լինել ուժեղ բոլոր քաղաքակրթություններում նույն բանն է նշանակում, ու հազարամյակներ շարունակ ունի ընդամենը չորս բաղկացուցիչ՝ խոհեմություն, ողջախոհություն, արիություն ու արդարություն: Մենք ո՛չ Նիցշեներին լսեցինք, ո՛չ էլ գոնե մեր Նարեկացուն:

Եթե լսեինք, թույլ չէինք տա, որ Վազգեն Սարգսյանը և իր խունտան, այո՛, հենց խունտան, բնակչության աչքերում դիտվեր որպես չարիք: Թույլ չէինք տա, որ հանրությունն ատելությամբ լցվեր Վազգենի ճառագայթած ուժի/ճշտի հանդեպ: Թույլ չէինք տա, որ Վազգենի մասին խոսելիս գեթ մեկի մտքով անցներ՝ «հերիք ա խմես մեր արյունը» միտքը, ուր մնաց այդ միտքը արտաբերելը: Թույլ չէինք տա տոնել Վազգենի մահը, շահարկել այն ու տարիներ անց նույն իրադարձությունը կեղծ կարեկցանքով հիշել: Ամենաճարտարախոս հռետորը մեզ չէր համոզի, որ պատերազմի օրոք լույսը հողին էին տալիս կամ որ հիմնարկների մասնավորեցումն ու կոլխոզների կազմաքանդումը ճիշտ է: Մեզ չէին կարող համոզել, որ Քոչարյանը չորս միլիարդ է տարել, իսկ Սաշիկը՝ մնացածի կեսը: Չէին կարող համոզել, որ արյուն թափած ռազմահայրենասերները պատրաստ են հող հանձնել, իսկ կյանքից աբիժնիկ ստրկամիտները պատրաստ են այդ հողը կյանքի գնով պահել: Թույլ չէինք տա, որ Մանվելից սարքեն «տուշոնկա գողացող», իսկ շարքային խաբեբայից սարքեն հերթական կեղծ մեսիա, անկախ նրանից, թե օտար ափերից որքան գումար էր գալու մեր՝ այս պաշարված ամրոցում խառնակչությամբ զբաղվողների համար:

Ամեն ինչ օրինաչափ էր։ Մենք պարտվեցինք, որովհետև պիտի պարտվեինք: Մենք չէինք ճիշտը, մենք չէինք ուժեղը: Ատելով մեզ իշխող օտարածին ուժեղին՝ մենք սկսեցինք ատել ուժն առհասարակ, և օրհասական պահին մենք մեր ուժեղներին սպանեցինք, քանի որ նախանձից ելնելով չէինք կարողանում հանդուրժել նրանց գոյությունը: Հաղթելու համար մենք պիտի լինեինք առաքինի: Հաղթելու համար մենք պիտի լինեինք շատ ավելի խոհեմ, շատ ավելի ողջախոհ, շատ ավելի արի ու շատ ավելի արդար ինքներս մեր նկատմամբ: Հաղթելու համար մեր անգրագետներն ու անզուսպ լաչառները պիտի լսարան չունենային, մեր պացիֆիստները պիտի վախենային պացիֆիստի պիտակից, ոչ թե պատերազմում զոհվելուց: Հաղթելու համար մեր դասալիք զինվորները պիտի մահվան դատապարտվեին: Պիտի պատժվեին, բոլորը մանուկ հասակից պիտի իմանան՝ ինչ է պատիժը, ու այն պիտի լինի անխուսափելի: Հաղթում են վահանի հետ կամ վահանի վրա, ոչ թե սիրով: Սիրում են հաղթելուց հետո, նրան ում հաղթում են: Ճիշտը միշտ նույնն էր Հոմերոսից մինչև Սարտր, Աքիլլեսից մինչև Վազգեն:

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 4, շարունակելի․․․

Մաս 1

Մաս 2,

Մաս 3