Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն. Արթուր Հովհաննիսյան

Մանրամասներ
ա

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի եւ Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Արփի Դավոյանը եւ Մերի Գալստյանը:

Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին օրերի սանձազերծած սադրանքները:

«Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին, թե իբրեւ հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս ռազմական ինքնաթիռ, թե իբրեւ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Դիմելով չեխ գործընկերներին`«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են ի պատկանելույն:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Կարեւորվել են նաեւ երկու երկրների գործարարների միջեւ կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական խնդիրները:

Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: