Հնդկաստանը ձգտում է պահպանել հարաբերությունները միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ՝ ուկրաինական ճգնաժամի սրման ֆոնին, գրում է ֆրանսիական La Croix-ի սյունակագիր Վանեսա Դունյակը։ Հոդվածագրի կարծիքով, Հնդկաստանի իշխանությունները ծանր վիճակում են հայտնվել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության պատճառով, բայց նրանք հենվելու են իրենց պատմական փորձի, պրագմատիզմի և չմիավորվելու ռազմավարության վրա։
Հնդկաստանը չի կարող հրաժարվել երկու գերտերությունների հետ կապերից, քանի որ դրանք օգնում են պահպանել ուժերի հավասարակշռությունն Ասիայում, գտնում է Դունյակը։ Նյու Դելին հետաքրքրված է ոչ միայն Մոսկվայի հետ տնտեսական և քաղաքական շփումներով, այլև ռազմատեխնիկական համագործակցությամբ։
Հնդկաստանի ազգային անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, գրում է մասնագետը։ Նրա խոսքով, երկրի զենքի ներմուծման գրեթե 50%-ը պատկանում է Մոսկվային։ Հնդկաստանին ՌԴ-ից մատակարարվում են ինքնաթիռներ, С-400 ՀՕՊ համակարգեր և այդ համակարգերի բաղադրիչներ։
Հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցները, երկու տերություններն էլ փորձելու են անցնել ռուբլու և ռուփիի՝ առևտրաշրջանառությունն ապահովելու և դոլարի նշանակությունը առևտրային գործարքներում նվազեցնելու համար, կարծում է Դունյակը: Հնդկաստանը պատրաստ է Ռուսաստանից մեծ ծավալի էներգառեսուրսներ գնել՝ մատչելի գներով։
0Comments