ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ․ տեղեկացնում է CNN-ը։
«Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ ես նրան ասացի, որ Միացյալ Նահանգները կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին, երբ ուկրաինացիները քաջաբար պայքարում են իրենց երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ մինչ Պուտինը շարունակում է իր անողոք հարձակումը, ԱՄՆ-ն դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ շարունակում են մեծացնել Պուտինի դեմ տնտեսական ճնշումն ու Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում ավելի մեկուսացնելը:
«Ավելի ուշ այսօր ՆԱՏՕ-ի և G7-ի այլ դաշնակիցների, ինչպես նաև ԵՄ-ի հետ միասին մենք պատրաստվում ենք մի քանի նոր քայլերի մասին հայտարարել՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Բայդենը։
Զելենսկին իր հերթին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ զրույցը եղել է առարկայական։
«Նրան ներկայացրել եմ տեղեկություններ մարտադաշտում տիրող իրավիճակի մասին, տեղեկացրել խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի հանցագործությունների մասին: Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեծացնելու հետագա քայլերի մասին»,-գրել է Զելենսկին:
0Comments