Հաստատվել են փաստերը, որ դիզվառելիքի մատակարարման ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հափշտակություններ, որին մասնակցություն են ունեցել «Ֆլեշ» ընկերության ներկայացուցիչները: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործի քննության ժամանակ նշեց դատախազը:
Նշենք, որ դատարանը փաստաթղթերի հետազոտման փուլում է գտնվում:
Դատախազի խոսքը վրդովվեցրեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին եւ նա՝ ընդհատելով դատախազին, ասաց. «Եթե մեղադրողը շարունակի խեղաթյուրված տվյալներ ներկայացնել… Փաստական տվյալները մեր առջև դրված է, նայում ենք, կարդում ենք: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ են ներկայացվում»:
Դատավոր Վահե Միսակյանը ընդհատեց՝ նշելով, որ մեղադրողը թող ավարտի իր ելույթը:
Մակինյանն արձագանքեց, որ փաստերը խեղաթյուրելուց հետո արտահայտվելն արդեն ուշացած կլինի:
Դատախազը շարունակեց իր ելույթը, կրկին պնդելով, որ դիզվառելիքի մատակարարման գործընթացում եղել են հանցավոր դրսեւորումներ: Նրա խոսքով, քանի որ «Ֆլեշ» ընկերությունը պատշաճ չէր իրականացրել մատակարարումը, որեւէ ողջամիտ հիմք չկար նորից նույն ընկերությանը ընդգրկել այդ մատակարարման ծրագրում:
Սրան տեղից արձագանքեց Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Ձեր գործի հետ դա ի՞նչ կապ ունի»:
Դատավորը դիտողություն արեց Սերժ Սարգսյանին, որ տեղից խոսել է՝ չդիմելով դատարանին:
Պաշտպան Ա. Մակինյանը նշեց, որ իրականում պարոն նախագահի վրդովմունքը տեղին է. «Մեղադրողը ֆոն է ուզում ստեղծել դատարանում, ինչը չի բխում իր վրա դրված պարտականություններից, առավել ևս դատախազը չունի նման իրավունքներ:
Ինչո՞ւ է մեղադրողը դուրս գալիս իր մեղադրանքի սահմաններից, ապացուցելու պարտականությունից: Ինչո՞ւ է գրությունները կիսատ-պռատ կարդում: Ինչու չի նշում, որ ընկերության տնօրենը այդ գումարները ինչ պարտավորությամբ է փոխանցել պետական բյուջե: Դատախազը փորձում է դատավորի, հասարակության, դատավորության մասնակիցների մոտ տպավորություն ստեղծել, որ պատճառված վնաս է հատուցվել»,- ասաց պաշտպանը:
Գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը նույնպես վրդովվեց՝ նշելով, որ դատախազը կոնտեքստից դուրս մտքեր է ասում. «Մենք գնացել ենք վնասի փոխհատուցմանը, որպեսզի մեր բարի համբավը պահպանենք: Եվ ընդհանրապես, քրգործ հարուցելը դեռ չի նշանակում, որ դա մեր բարի համբավի մասին է խոսում: Բոլորդ էլ գիտեք, որ պրակտիկայում քրգործերի 40 տոկոսը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Բարսեղանը:
Դատախազը արձագանքեց Սերժ Սարգսյանին նշելով, որ իր ընթերցած փաստաթղթերն այս գործի հետ կապ ունեն նրանով, որ այս քրգործով դրանք ճանաչվել են որպես այլ փաստաթուղթ, ինչը համարվում է ապացույց, եւ դրանք ենթակա են հետազոտման:
Դատական այսօրվա նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի փետրվարի 3-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
0Comments