Սուրճի՝ մեզ հայտնի 124 տեսակների 60%-ը ոչնչացման եզրին է

Մանրամասներ

Մի շարք գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճի՝ մեզ հայտնի 124 տեսակների 60%-ը ոչնչացման եզրին է, գրում է BBC-ն: Նման ցուցանիշը, ըստ գիտնականների, «չափազանց բարձր» և մտահոգիչ է:

Ինչպես նշում է թերթը, անտառներում սուրճի ավելի քան 100 տեսակ է աճում, որից մարդիկ օգտագործում են միայն երկուսը: Խոսքն արաբիկա (coffea arabica) և ռոբուստա (coffea robusta) տեսակների մասին է, որոնց համադրությունից ստացվում են սուրճի՝ շուկայում առկա բազմաթիվ խառնուրդները:

Վայրի սուրճի հատիկները խմելու համար պիտանի չեն, սակայն դրանք խիստ կարևոր են սուրճի համաշխարհային բերքատվության կայունության համար, մասնավորապես՝ դրանք կարող են այնպիսի գեներ պարունակել, որոնք կօգնեն ապագայում կլիմայական փոփոխությունների պայմաններում պահպանել սուրճի բույսերը և պայքարել դրանք գրոհող հիվանդությունների դեմ:

Գիտնականները հաշվարկել են, որ աշխարհում սուրճի բույսերի քանակը մինչև 2088թ.-ը կլիմայական փոփոխությունների պատճառով կկրճատվի 50%-ով:

Արաբիկա սուրճի հայրենիք Եթովպիայում այն աճում է բնական կերպով՝ խոնավ անտառների բարձր հարկերում, մինչդեռ վայրի սուրճի տեսակներն աճում են հիմնականում Աֆրիկայի հեռավոր անտառներում և Մադագասկար կղզում, ինչպես նաև Հնդկաստանի, Շրի Լանկայի և Ավստրալիայի որոշ շրջաններում: