Ես արտասվելու իրավունք ունեմ, բայց շուտով նորից կծիծաղեմ
Էմոցիաների պոռթկումը կարեւոր է՝ վշտի ժամանակաշրջանը հաղթահարելու, անհաջողությունների, դժվարությունների, սխալների հետ հաշտվելու համար: Երբեք մի զսպեք ձեզ եւ մեղավոր մի զգացեք այն բանի համար, որ ճնշված եք եւ ուժերը չեն բավականացնում:
Կարեւոր է նաեւ հիշել, որ այդ վիճակը չպետք է շատ երկար տեւի: Դա չպետք է մշտական բնույթ ունենա:
Մեր խնդիրների մասին լաց լինելը շատ հստակ նպատակ ունի. օգնել մեզ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել՝ առաջ շարժվելու, իրավիճակն ու մեզ փոխելու համար: Դուք արժանի եք նորից ժպտալու:
Ես նա եմ, ով լավագույնս կարող է ինձ օգնել հաղթահարել դժվարությունները
Ձեզ կարող են լավ ընկերներ շրջապատել, զգայուն զուգընկեր, սիրող ընտանիք: Սակայն դուք պետք է ի վիճակի լինեք ինքներդ հաղթահարել դժվարին իրավիճակները: Առանց կամքի, առանց էներգիայի, առանց հույսի շատ դժվար կլինի դուրս գալ այդ մութ սենյակից, որում հայտնվել եք: Լսեք նրանց, ովքեր շրջապատում են ձեզ, ընդունեք նրանց օգնությունը, բայց հետո դուք ինքներդ պետք է գործարկեք դժվարությունները հաղթահարելու այդ ներքին գործընթացը:
Ես չեմ կարող փոխել իրավիճակը, բայց կարող եմ փոխել իմ վերաբերմունքը դրա հանդեպ
Կան բաներ, որոնցից անհնար է խուսափել. կորուսներ, հիվանդություն, բաժանում, հարաբերություններ, որոնք քայքայվում են՝ չնայած ձեր ջանքերին...
Մեզանից ոչ ոք չի կարող հարյուր տոկոսով վերահսկել այն դժվարություններն ու հանգամանքները, որոնք կյանքը երբեմն մատուցում է մեզ: Բայց միայն մենք ենք պատասխանատու մեր մտքերի համար: «Չեմ կարող»-ն ամբողջությամբ անշարժացնում է ձեզ եւ միայն բացասական հույզեր բերում: Մինչդեռ «ես կկարողանամ դա»-ն ամբողջությամբ փոխում է տրամադրությունը, եւ մենք նոր ուժեր ենք գտնում:
Մի՛ մոռացեք այս մասին:
Ես կսկսեմ ապրել, երբ հաղթահարեմ իմ վախերը
Մեր հոդվածներում բազմիցս ենք խոսել հարմարավետության գոտու մասին: Դա այն անտեսանելի տարածքն է, որը շրջապատում է մեզ եւ անվտանգության եւ իրավիճակի վերահսկողության զգացողություն տալիս: Սակայն երբ դժվարություններ ենք ունենում, զգում ենք, որ այդ անտեսանելի պատերը քանդվում են՝ մեզ անպաշտպան թողնելով:
Մենք պետք է հաղթահարենք այդ վախը եւ դուրս գանք երբեմնի հարմարավետության գոտուց: Եթե վախենում եք անգամ մտածել, թե ինչ է լինելու ձեզ հետ այդ գիծն անցնելու դեպքում, ապա նախ ընդունեք այն, ինչ տեղի է ունեցել, իսկ հետո հիշեցրեք ինքներդ ձեզ, որ կյանքը շարունակվում է, իսկ դուք՝ նրա հետ: Առա՛ջ:
Եթե վախ եք զգում, վախենում եք մենակ մնալ, ռացիոնալացրեք այդ մտավախություններն ու հիշեք մեր երկրորդ արտահայտությունը. միակ մարդը, ով կարող է ձեզ օգնել, դուք ինքներդ եք: Ինքներդ ձեր մեջ դա հաղթահարելու ուժ գտեք:
Ամեն օր ես հոգ եմ տանում իմ հոգեկան հանգստության եւ ներքին հավասարակշռության մասին
Դուք հոգ եք տանում ձեր սննդակարգի, քաշի մասին, այցելում եք բժշկի՝ առողջությունը ստուգելու համար: Մշտապես մտածում ու հոգ եք տանում ձեր մտերիմների մասին եւ, հավանաբար, երեկոյան անուժ անկողին եք մտնում:
Հիմա հարցրեք ինքներդ ձեզ, թե երբ եք վերջին անգամ մտածել ձեր զգացմունքների, պահանջմունքների եւ ներաշխարհի մասին: Հարկավոր է ամեն օր ինքներդ ձեզ տալ այս հարցը: Եթե մենք առաջնահերթ ենք դարձնում ուրիշների պահանջմունքները, սկսում ենք անտեսել մեզ:
Եթե մեր ջանքերը կենտրոնացնում ենք նյութական բաների ուղղությամբ՝ ձգտելով դրանք ստանալ կամ կուտակել, մենք մոռանում ենք իսկապես կարեւոր բաների մասին. մեր երջանկության, որպես անհատ՝ մեր ամբողջականության մասին:
0Comments