Անցյալը օգնում է հասկանալ այն, թե ինչ է տեղի ունենում հիմա, և ինչպես է հարկավոր գործել ապագայում

Մանրամասներ

1

Ռուսաստանի բնակչությունն առանձին գնահատումներով այժմ կարող էր հասնել 500 միլիոնի, եթե 20-րդ դարում չլիներ երկրի երկու կազմալուծումը: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին հայտարարել է «Օկեան» Համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ կայացած հանդիպմանը։

Նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ անցյալ դարում «երկու անգամ «կազմալուծվել է Ռուսաստանի պետականությունը»: 1917 թվականի հեղափոխությունից հետո Ռուսաստանի կայսրությունը դադարեցրել է իր գոյությունը: Ռուսաստանը «կորցրել է հսկայական տարածքներ, աստիճանաբար վերականգնվել է, իսկ հետո տեղի է ունեցել նաեւ Խորհրդային Միության փլուզումը», հիշեցրել է Պուտինը:

«Եթե դրանք տեղի չունենային, մենք ուրիշ երկիր կունենայինք: Առանձին մասնագետներ կարծում են, որ բնակչությունն այժմ կհասներ համարյա 500 միլիոն մարդու»,-ընդգծել է նա:

Պետության ղեկավարը նշել է, որ այժմ Ռուսաստանի բնակչությունը կազմում է շուրջ 146 մլն մարդ: «Իսկ եթե այդ ողբերգությունները չլինեին, ապա կլիներ շուրջ 500 միլիոն»,-նշել է նա:

«Հարկավոր է տեսնել, թե ինչն է ընկած եղել այդ ողբերգական իրադարձությունների հիմքում, որպեսզի ոչ մի դեպքում նման բան թույլ չտրվի ապագայում»,-հավելել է նա: Այդ գիտելիքներն օգնում են նաեւ հասկանալ այն, թե ինչպես ամրապնդել երկրի հզորությունը, ինչպես կառուցել հարեւանների հետ հարաբերությունները, կարծում է Պուտինը:

Պետության ղեկավարը նշել է, որ պատմությունը «պարզապես թվերի, անունների, իրադարձությունների հավաքածու չէ, այլ բուն հումանիտար գիտության հիմքը: Անցյալը օգնում է հասկանալ այն, թե ինչ է տեղի ունենում հիմա, եւ որոշել, թե ինչպես է հարկավոր գործել ապագայում, պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: