Ժամանակն է բացել «միջանցքը». Ի՞նչ է ակնարկում փակված ճանապարհը

Իրավիճակ

ա

Իշխող կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, պարզաբանելով «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի մասին կառավարության ծրագիրը, ասել է, որ եթե Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ապա պետք է ձգտի խաղաղության: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իր եզրափակիչ խոսքում, Սյունիքում ստեղծված իրավիճակի ֆոնին, խոսում էր ոչ թե խաղաղության, այլ անվտանգության ու երջանկության ապահովման մասին:

Կառավարության ծրագիրը հաստատվել է, եւ Հայաստանի հետագա քաղաքականությունը հիմնված կլինի դրա դրույթների վրա: Օրեր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերահրապարակեց 2010 թվականին արտահայտված միտքը. «Չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել և, հատկապես, ժողովրդին խաբել: Ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ գին է վճարելու իշխանությունների վարած քաղաքականության համար»:

Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար: Սյունիքի մարզում իրավիճակն առաջին հաշիվ-ապրանքագիրն է: Փակված ճանապարհն ակնարկ է, որ ժամանակն է բացել «միջանցքը»: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը միջանցքային տրամաբանությամբ բանակցություն չի վարել, Մոսկվան չի հրաժարվում հայ-իրանական սահմանը վերահսկողության տակ վերցնելու ծրագրից: Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածների և Հայաստանի մնացած հատվածի միջև կապը չի ընդհատվել, կա հողածածկ ճանապարհ: Իսկ ինչպե՞ս է ապահովվելու կապն Իրանի հետ:

Արդյո՞ք ռուսական զորքերի վերահսկողության ներքո «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Հայաստանի հավանական համաձայնությունը կլինի առաջին քայլը «խաղաղության հայեցակարգի» իրականացման ուղղությամբ: Արդյոք հայ-իրանական սահմանի հավանական կորուստը արդարացվելու է խաղաղ ձգտումներով:

Վլադիմիր Վարդանյանը ճիշտ է, երբ հիշաատկում է ՄԱԿ-ը: Ի վերջո, քանի որ մենք այս կազմակերպության անդամ ենք, տրամաբանական կլիներ այնտեղ վերահասցեագրել Հայաստանի դեմ ուժի կիրառման, ճանապարհների շրջափակման և ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգության մասին հարցումները: Ինչու՞ է Հայաստանը, ինչպես 2020 թվականի դեկտեմբերին, այնպես էլ հիմա, փորձում Սյունիքի մարզում իրավիճակը կարգավորել միայն ռուսների միջոցով:

Ակնհայտ է, որ ռուսների վերահսկողությանը ճանապարհի փոխանցումը կնշանակի հայ-իրանական սահմանի փոխանցում թուրքերի վերահսկողությանը:

Պատերազմի բացակայությունը դեռ խաղաղություն չէ և հեռու է երջանկություն լինելուց: Խաղաղությունն այն է, երբ մարդ վստահ է իր տանն անվտանգ լինելուն, վստահ է, որ իր պետությունը պատրաստ է պաշտպանել իրեն:

Սկզբնաղբյուր