Երբ «պողպատե մանդատը» վերածվում է «թղթե շերեփի»

Իրավիճակ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Արդեն մեկ ամիս ժամանակ է անցել Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից, իսկ ապագայի նկատմամբ անորոշությունները պահպանվում են։ Ընդ որում, ոչ միայն փաշինյանական, այլև իսկական ապագան: Փաշինյանի իշխանության վերարտադրության իրողությունը նոր պատուհաս է դարձել մեր պետականության գլխին։ Ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն այս պահին խախտված են, որովհետև ադրբեջանական զինված ուժերը, ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք, ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև սկսել են ամրանալ իրենց գտնվելու վայրերում, դրա համար էլ սկսել են հենակետեր կառուցել ու ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Ու այսքանից հետո Բաքուն, երբ տեսնում է, որ ՀՀ իշխանությունները, կարծես, համակերպվել են այս իրողության հետ ու ընդունակ չեն պաշտպանել պետության ինքնիշխանությունը, անցնում է նոր սադրանքների։ Դրա համար էլ Ադրբեջանի հետ սահմանների ողջ երկայնքով անհանգիստ վիճակ է, իսկ կոնկրետ Երասխի հատվածում հակառակորդն ագրեսիվ գործողությունների է անցել՝ փորձելով իրավիճակը ռազմական բախումների հասցնել։ Մյուս կողմից էլ՝ այս լարվածության ֆոնին ոչ պակաս վտանգավոր կարող է լինել Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը կամ, եթե կուզեք, ներքին տեղաշարժը։ Ընտրություններից առաջ Փաշինյանը ժողովրդին խաղաղություն էր խոստանում, բայց հիմա ոչ միայն խաղաղություն չկա, այլև բացառված չէ նաև նոր պատերազմի հավանականությունը։ Հակառակորդը ոչ միայն չի բավարարվում այն զիջումներով, որոնք իրեն արվել են պատերազմի արդյունքում, այլև ամեն անգամ ավելին է ցանկանում ստանալ։ Այսպես հակառակորդի ախորժակը շարունակ աճում է։

Ըստ էության, Ադրբեջանը փորձում է օգտվել իր «պատմական շանսից», քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ակտիվ գործողությունների դիմել, որովհետև կարող է հանկարծ իրավիճակ փոխվել ու իշխանափոխություն տեղի ունենալ, որի դեպքում Բաքուն ի վիճակի չի լինի իրեն պահել այնպիսի սանձարձակ ձևով, ինչպես հիմա է պահում։ Եվ այս կոնտեքստում հետաքրքիր է, որ Ադրբեջանը իրեն բավական «համեստ» էր պահում ընտրությունների ողջ ընթացքում, իսկ ահա ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ Փաշինյանն ընտրվել է, ոչ միայն այդ երկրով մեկ ցնծություն էր տիրում, այլև սկսվեցին սադրիչ գործողությունները, որոնք, փորձագետների համոզմամբ, Հայաստանից նոր զիջումներ ստանալու միջոց են:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները. նրանք նույնիսկ այս վիճակում ընդդիմադիրների նկատմամբ տոտալ ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով են զբաղված։ Արդեն տևական ժամանակ իշխանությունների ուշադրության կենտրոնում միայն Սյունիքում ընդդիմադիր կեցվածք ունեցող բազմաթիվ համայնքապետների վրա գործեր կարելն է։ Հիմա էլ տեղեկություններ կան, որ զուգահեռ գործեր են կարում մարզերում գործարարությամբ զբաղվող մարդկանց հանդեպ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: Իշխանություններն այլևս ընդունակ չեն հասարակությանը համախմբել պետության հզորության վերականգնման համազգային օրակարգի շուրջ, նրանց մոտ միայն ատելություն գեներացնելը, քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելն ու հասարակական բևեռացումն է լավ ստացվում։

 Թերևս Փաշինյանի համար հատուկ սիմվոլ դարձած մուրճը միայն ընդդիմադիրների համար է նախատեսված։ Իսկ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու գործում Փաշինյանը դառնում է գլխիկոր, զիջողական ու վախվորած։ Եվ երբ գործը հասնում է թշնամուն արժանի հակահարված հասցնելուն, ապա Փաշինյանի «պողպատե մանդատը» րոպեական վերածվում է «թղթե շերեփի»։ Իսկ այսպիսի պայմաններում ժամանակը, բնականաբար, աշխատում է ոչ ի օգուտ Հայաստանի։ Եվ քանի դեռ գործող իշխանությունները պաշտոնավարում են, ապա նրանք շարունակելու են սկուտեղի վրա հակառակորդին մատուցել Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանց համար կյանքի ու մահու հարց է միայն սեփական աթոռը, որը պահելու համար ամեն մի քայլի ընդունակ են։ Չնայած, ընդհանրապես, անմտություն կլինի սեփական կապիտուլ յացիոն պարտությամբ հպարտացող իշխանություններից որևէ լուրջ ակնկալիք ունենալ։ Ուստի ընտրություններում իշխանությունների վերարտադրությունից շատ չանցած՝ նրանց հեռացման հարցն արդեն օրակարգային նշանակություն է ձեռք բերել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 22․07.21թ համարում