2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
«Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները եւ կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, ինչպես նաեւ ոլորտային համագործակցությունը եւ առեւտրային հարաբերությունները։
ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որը կուռ իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը եւ կլիման, կրթությունը եւ գիտությունը, մշակույթը, առողջապահությունը եւ այլն։
Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայունության ամրապնդումը եւ ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության եւ կենսակերպի վրա։
Հարկ է ընդգծել, որ ՀԸԳՀ-ն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու իր հանձնառությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
0Comments